ՄԱՐԻԱ ՅԱԿՈԲՍԵՆԻ ԵՎ ԱԼՄԱ ՅՈՀԱՆՍՈՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի ունեցավ սկանդինավցի նշանավոր միսիոներուհիներ Մարիա Յակոբսենի և Ալմա Յոհանսոնի գերեզմաններից բերված հողի` Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատի մեջ ամփոփման և հուշատախտակների տեղադրման հանդիսավոր արարողությունը:
Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության ինստիտուտ թանգարանից։
Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստանի Հանրապետություն են ժամանել սկանդինավյան երկրների քաղաքացիներ, ինչպես նաև Շվեդիայի խորհրդարանի պատգամանվորներ:
Միսիոներուհիների գերեզմաններից բերված հողի` Հուշապատի մեջ ամփոփումն ուղեկցվեց հոգեհանգստի արարողությամբ` հայերեն և շվեդերեն լեզուներով:
Հանդիսավոր արարողության վերջում սկանդինավյան երկրներից ժամանած հյուրերը Հիշողության պուրակում տնկեցին ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ԾԱՌԸ` ի հիշատակ սկանդինավցի հայասերների:

22.04.2011

Աղբյուր` panorama.am