Վրաստանն ու հայ-վրացական հարաբերությունները՝ երիտասարդների ուշադրության կենտրոնում

Դեկտեմբերի 23-ին «Երիտասարդության հարթակ» ծրագրի մասնակիցները քննարկել են Վրաստանի ներքաղաքական զարգացումները, տարածաշրջանային քաղաքականությունը և շահերը:

Դասախոսությամբ է հանդես եկել «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական հարաբերություններին, երկու երկրների շահերին, ժողովուրդների սերտացման հիմնական խնդիրներին և դրանց հաղթահարման ուղիներին: Քննարկվել են նաև Վրաստանի ինտեգրացիոն գործընթացները, վրաց-ռուսական հարաբերությունները և վրաց-աբխազական ու վրաց-օսական հակամարտությունների շուրջ զարգացումները:

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ռեսուրսներով:

«Երիտասարդության հարթակ» ծրագիրը թրեյնինգ-քննարկումների շարք է երիտասարդ մասնագետների (քաղաքագետների, միջազգայնագետների, տնտեսագետների, լրագրողների) համար: Սա յուրահատուկ հարթակ է, որտեղ երիտասարդները ոլորտային մասնագետների հետ միասին քննարկում են ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող արդի և կարևոր խնդիրները, գիտելիքներ ստանում հարևան երկրների, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն հանդիսացող հարցերի, միջազգային գործընթացների մասին: Այս ամենը զուգակցվում է անհատական և թիմային աշխատանքով, սեփական կարծիքի արտահայտմամբ ու  հին խնդիրներին նոր լուծումներ առաջարկելով: