2016թ-ին Ադրբեջանը փորձեց արժեզրկել ժողովրդական դիվանագիտությունը

Ղարաբաղյան հակամարտությունը և դրա կարգավորման գործընթացը 2016թ-ին նույնպես հագեցած էր տարաբնույթ զարգացումներով: Տարվա վերջին ամիսներին հատկապես ակտիվ սկսեց քննարկվել հակամարտության կարգավորման գործընթացում ժողովրդական դիվանագիտության կամ Track 2-ի (այն հակամարտող կողմերի միջև երկխոսության և վստահության կամուրջների ստեղծման միջոց է, որը, փոխլրացնելով Track 1-ին (միջպետական երկխոսությանը), պետք է իր նպաստը բերի հակամարտության կարգավորման բանակցություններում հաջողություններ գրանցելուն) էության և իրական նշանակության մասին:

Նման քննարկումների առիթ դարձավ Ադրբեջանի կողմից «Հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղության հասնելու» հարթակի ստեղծումը՝ իբրև թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դրական նպաստ ունենալու համար: Ադրբեջանի այս նախաձեռնությունը և այն զարգացնելու վերջինիս փորձերն արժանացան հայկական կողմերի քննադատություններին: Եվ ոչ անհիմն:

Պլատֆորմի ստեղծմանը ներգրավված անձանցից և հռչակված նպատակներից արդեն իսկ պարզ էր, որ այն լոկ ժողովրդական դիվանագիտության իմիտացիա է և խեղաթյուրում ու արատավորում է իրական  Track 2-ի էությունը:

Բոլորին էլ պարզ է, որ Վահան Մարտիրոսյանի, Վահե Ավետյանի, Սյուզան Ջաղինյանի նման անձիք, ովքեր հանձնվել են ադրբեջանական իշխանություններին և նրանց քարոզչամեքենայի գործիքն են դարձել, չեն կարող ներկայացնել հայկական կողմերին կամ որևէ իրական խաղաղաշինական գործունեություն իրականացնել: Ակնհայտ է նաև, որ նրանց որևէ կերպ չի հաջողի հասարակության լայն շրջանակների վրա ունենալ որևէ ազդեցություն, քանի որ նրանց հանդեպ կա բավականին ցայտուն արտահայտված բացասական վերաբերմունք: Հետևաբար, միամտություն կլինի կարծել, թե նման անձանց միջոցով հնարավոր կլինի ստեղծել վստահության մթնոլորտ և դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա:

Ավելին, այս հարթակը ավելի շատ հիշեցնում է ոչ թե որպես քաղհասարակության, այլ Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնություն՝ հայկական կողմերի հանդեպ որդեգրած նոր քաղաքականություն:

Նման քաղաքականության արդյունքում Ադրբեջանը մի քանի հարց է ցանկանում լուծել: Նախ փորձում է հանդես գալ որպես կառուցողական երկիր, որն աշխատում է հայերի և ադրբեջանցիների միջև վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ: Մի քանի հայի ներգրավմամբ ադրբեջանական կողմը նաև ակնկալում է մոլորեցնել միջազգային հանրությանը, իբրև թե հայերը կողմ են հարթակի ստեղծման հռչակագրում ամրագրված կետերին (հայկական կողմերի համար ի թիվս մի շարք անընդունելի կետերի՝ հռչակագրում նշվում է Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում ինքնավարության մասին): Վերջապես, եթե նախկինում Ադրբեջանում տարբեր պատրվակներով խաղաղաշինական նախաձեռնություններ իրականացնելու և հայերի հետ կապ ունենալու համար տեղի էին ունենում ձերբակալություններ և դրանց համար Ադրբեջանը ենթարկվում էր քննադատությունների, ապա այժմ այն կարող է իրեն հռչակել «ժողովրդավար»: Ստեղծվել է հայերի շրջանակ, ում հետ կարելի է համագործակցել:

Ամփոփելով՝ պետք է նշել, որ Ադրբեջանի սկսած այս նոր քաղաքականությունը հղի է մի շարք վտանգներով: Այն արժեզրկում է ժողովրդավարական դիվանագիտությունը և խոչընդոտում է նման ֆորմատով հետագա համագործակցությանը՝ ստեղծելով վտանգ, որ այլ հարթակներով հայերի հետ համագործակցողները կսկսեն ընկալվել որպես դավաճաններ և կենթարկվեն հալածանքների: Այս առումով հայկական կողմերն, այն էլ տարբեր մակարդակներով, կարիք ունեն առավել թիրախավորված և էլ ավելի ակտիվ քայլեր իրականացնելու, այդ թվում՝ հրավիրելով միջազգային կազմակերպությունների ուշադրությունը այդ վտանգների վրա:

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության կայք էջում այսուհետ կարող եք կարդալ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ներքո գործող «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետների վերլուծությունները և  մեկնաբանություններն արդի քաղաքական զարգացումների շուրջ: