ՀՀ-ԵՄ նոր պայմանագրի բանակցությունները մոտենում են եզրափակիչ փուլին

Հայաստանը և Եվրոպական Միությունը նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցություններում մոտենում են եզրափակիչ փուլին: Հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Եվրոպական Միության  հետ մենք մեկնարկել ենք նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, մինչ այսօր կայացել է  բանակցությունների 9 փուլ: Հաջորդ փուլը նախատեսվում է փետրվարին: Կարծում եմ, որ մենք մոտենում ենք եզրափակիչ փուլին: Համարյա համաձայնեցված են ճնշող մեծամասնությունն այն դրույթների, որոնք ներառված են այդ փաստաթղթի մեջ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մասով»,- ասաց նախարարը:

Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ մոտակա օրերին Հայաստան կժամանի Եվրոպական Միության ընդլայնված պատվիրակություն, որի կազմում կլինեն նաև ՀՀ-ի հետ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցողները:

«Կարծում եմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք հայտարարել, որ մենք եզրափակում ենք այս բանակցությունների գործընթացը»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը:

01.02.2017