ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. ՀՀ-ԵՄ բանակցությունները եզրագիծ են դուրս եկել

Փետրվարի 14-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն նշել է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև բանակցությունները եզրագիծ են դուրս եկել:

Ըստ դիվանագետի՝ մոտակա օրերին սպասվում է, որ բանակցությունները կավարտվեն, ինչը համաձայնագրի ստորագրում է ենթադրում:

«Դեռևս մի քանի չհամաձայնեցված դրույթներ կան: Բանակացությունները բավական բարենպաստ պայմաններում են ընթանում»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ առաջիկայում փոխշահավետ համաձայնագիր կստորագրվի:

«Այս կապակցությամբ Ֆրանսիան կարող է միայն գոհունակություն հայտնել՝ լինելով Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների խորացման կողմնակից»,- նշեց դիվանագետը՝ ընդգծելով, որ համաձայնագրի ստորագրումից հետո կարևոր է տնտեսության, քաղաքականության, ժողովրդավարության զարգացման, իրավական պետության կառուցման ոլորտներում համագործակցության ընդլայնումը:

14.02.2017