ԼՂՀ ՄԻՊ-ը Եվրախորհրդարանում նեկայացրել է ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Ռուբեն Մելիքյանն ու Եվրախորհրդարանի (ԵԽ) անդամ Ֆրանկ Էնգելը փետրվարի 14-ին Ստրասբուրգում ղարաբաղյան քառօրյա պատերազմի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ զեկույց են ներկայացրել, փոխանցում է tert.am-ը:

Զեկույցը ներկայացվել է 2 տարբերակով. առաջինը չի պարունակում զոհված հայ զինծառայողների անուններն ու նրանց դիակները պղծելն ապացուցող լուսանկարները, մինչդեռ 2-րդ տարբերակն ավելի մանրակրկիտ է և ունի գրաֆիկական բնույթ, ուստի՝ նախատեսված չէ հանրային հրապարակման համար:

Զեկույցի ներկայացմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը նկատել է, որ «Արցախում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների պակասը թույլ է տալիս մարդկանց մտածել, թե կարող են իրենց ուզածն անել և որ հետագայում այդ արածներն ապացուցելն անհնարին կլինի»: Մելիքյանի խոսքով՝ այս հանգամանքն անհանգստանալու լուրջ առիթ է տալիս:

Հավելենք, որ սա ԼՂՀ ՄԻՊ կողմից ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ 3-րդ զեկույցն է:

Հիշեցնենք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU – Europe) հրավերով աշխատանքային այցով գտնվում է Եվրոպայում։

Մամուլի ասուլիսի ամբողջական տեսանյութն այստեղ:

15.02.2017