Փարիզի փողոցներից մեկը կվերանվանվի հայտնի հայ գրող Զաբել Եսայանի անունով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի առիթով՝ Փարիզի փողոցներից մեկը կվերանվանվի հայտնի հայ գրող Զաբել Եսայանի անունով: Այս մասին ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից՝ Փարիզի քաղաքապետարանում, հյուրընկալելով ՀՀ նախագահին, իր խոսքում հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

«Մենք որոշել ենք Փարիզի փողոցներից մեկը վերանվանել Զաբել Եսայանի անունով, ով գտնվել է հայ ժողովրդի կրած տառապանքների կիզակետում և խորհրդանշում է այդ բոլոր տառապանքները:

Փարիզում մենք պահպանում ենք հայ ժողովրդի կրած բոլոր տառապանքների, ըմբոստությունների, պայքարների հիշողությունը, բայց միևնույն ժամանակ մենք բացում ենք հնարավոր ճանապարհները, որպեսզի դրանք, ինչպես նաև Երևանում, արտահայտեն հույսը, հայտնագործությունները և նախաձեռնությունները», – ասել է Փարիզի քաղաքապետը:

Նրա խոսքով՝ Փարիզը և Երևանը, Ֆրանսիան և Հայաստանն իրար տալու նույնքան բաներ ունեն, որքան և իրարից ընդունելու, և հենց այդ փոխադարձությունն է, որ բնորոշ է մեծ բարեկամությանը:

09.03.2017