Ինչո՞ւ են լեհերը դեմ իրենց հայրենակից Տուսկին

Եվրոպան մասնատման ուղու վրա է: Նման հայտարարությամբ է հանդես եկել Լեհաստանի իշխող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին՝ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում Դոնալդ Տուսկին վերընտրվելուց հետո: «Եվրամիությունում գերակշռում է մի երկիր: Ակնհայտ է, որ դա Գերմանիան է», – հայտարարել է Կաչինսկին՝ նշելով, որ որոշ քաղաքական գործիչների վրա մեծ ճնշում է գործադրվում:

Կաչինսկին միևնույն ժամանակ նշել է, որ Լեհաստանը մնում է Եվրամիության հետևողական կողմնակից, խոսք չի գնում միությունից դուրս գալու մասին, բայց չի կարելի ղեկավար պաշտոնում ընտրել մի մարդու, որին չի աջակցել նրա ազգային կառավարությունը: Տուսկն, իր հերթին, Վարշավային կոչ է արել չայրել կամուրջները ԵՄ-ի հետ հարաբերություններում: Նա նշել է, որ կաշխատի Եվրամիության յուրաքանչյուր երկրի հետ և կփորձի կանխել Լեհաստանի քաղաքական մեկուսացումը Բրյուսելից:

Հիշեցնենք, որ մարտի 9-ին կայացած ԵՄ գագաթաժողովի ժամանակ ԵՄ անդամ 28 պետություններից 27-ի ղեկավարները քվեարկել են Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ազգությամբ լեհ Դոնալդ Տուսկի վերընտրվելու օգտին: Լեհաստանը, որը դեմ էր Տուսկի թեկնածությանը, հրաժարվել է ստորագրել այդ մասին Եվրամիության գագաթաժողովի ամփոփիչ փաստաթուղթը: Լեհական ներկայիս իշխանությունները Տուսկին (2007-2014 թվականներին զբաղեցրել է Լեհաստանի վարչապետի պաշտոնը) մեղադրում են միջազգային գործչի անկողմնակալության կոդեքսի խախտման և երկրի ներքին գործերին միջամտելու մեջ:

Մասնավորապես, Վարշավային վրդովեցրել է նախկին պաշտոնյայի կողմից Լեհաստանի դատական համակարգի փոփոխությունների, մամուլի ազատության սահմանափակման, միգրանտների քվոտաներից հրաժարվելու քննադատությունը: Բացի այդ, Յարոսլավ Կաչինսկին համարում է, որ Տուսկի վրա է ընկած 2010 թվականին Սմոլենսկում ավիավթարի ժամանակ իր երկվորյակ եղբայր Լեհ Կաչինսկու մահվան քաղաքական պատասխանատվությունը:

Նման պայմաններում Վարշավան Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում առաջարկել է այլ թեկնածուի` Լեհաստանի խորհրդարանի պատգամավոր Յացեկ Սարիուշ-Վոլսկիին:  Տուսկի դեմ այս արշավը սկսելով՝ լեհական իշխանությունները հստակ գիտակցում էին, որ խանգարել Տուսկի վերանշանակմանն իրենց չի հաջողվի. նույնիսկ Հունգարիան, որը ևս բավականին եվրահոռետես քաղաքականություն է վարում, չի աջակցել Լեհաստանի այս նախաձեռնությունը:

Վերլուծաբանների կարծիքով՝ այս կերպ լեհական իշխանությունները փորձում են ստվեր գցել Տուսկի վրա, ով ԵՄ-ում իր աշխատանքն ավարտելուց հետո 2020 թվականին կարող է իր թեկնածությունն առաջադրել Լեհասատանի նախագահական ընտրություններում:

«Արմեդիա» ՏՎԳ