ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի նախաստորագրումն արդյունավետ երկխոսության արդյունք է

Մարտի 21-ին նախաստորագրվեց ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագիրը՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ):

Սա ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական նոր հիմքի ձևավորման ճանապարհի կարևոր հանգրվան է: Հաջորդ փուլերում նախատեսվում է համաձայնագրի իրավական ճշգրտում, համաձայնեցում ԵՄ անդամ երկրների հետ, ստորագրում և վավերացում ԵՄ անդամ բոլոր երկրների և Հայաստանի խորհրդարանների կողմից:

Համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկեցին 2015թ. դեկտեմբերից՝ այն բանից հետո, երբ ԵՄ-ն վերանայեց հարևանության քաղաքականության, այդ թվում ԱլԳ երկրների հետ հարաբերությունների իր ռազմավարությունը՝ որդեգրելով առավել տարբերակված մոտեցման սկզբունքը: Համաձայնագրի քաղաքական մասը հաջողվեց բավական արագ համաձայնեցնել՝ ելնելով նրանից, որ այն հիմնվում է և գրեթե կրկնում է բանակցված, համաձայնեցված Ասոցացման համաձայնագիրը: Առավել երկար տևեց համաձայնագրի մյուս, ոչ պակաս կարևոր՝ տնտեսական մասի համաձայնեցումը, որը կոչված էր ամրագրել ՀՀ-ԵՄ տնտեսական հարաբերությունների հնարավորինս բարձր մակարդակը՝ արդեն հաշվի առնելով ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին:

Այս գործընթացի և դրա արդյունքների վերաբերյալ առանձնացնենք մի քանի կարևոր դրույթ.

1. Փաստացի այս համաձայանգրի նախաստորագրումն առաջին անգամ արդեն համաձայնեցված փաստաթղթի տեսքով արտացոլեց Հայաստանի կողմից որդեգրված «և-և»-ի քաղաքականության հաջողությունը: ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը կարողացավ Եվրամիության հետ համաձայնեցնել հարաբերությունների իրավական հիմք ապահովող նոր փաստաթուղթ, որը ներառում է և´ քաղաքական, և´ տնտեսական համագործակցության շուրջ դրույթներ:

2. ԱլԳ երկրներից Հայաստանն առաջինն է, որին հաջողվեց ԵՄ հետ արդյունավետ երկխոսության միջոցով հասնել Ասոցացման համաձայնագրերի նկատմամբ այլընտրանքային ձևաչափով հարաբերությունների զարգացմանը: Դա, իր հերթին, վկայում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների բարձր որակի և կողմերի փոխըմբռնման մասին:

3. Համաձայնագրի նախաստորագրմամբ, իսկ հետագայում նաև ստորագրմամբ Հայաստանն ամրագրեց իր հավատարմությունը եվրոպական արժեհամակարգին, երկրում բարեփոխումներն առաջ մղելու իր մտադրությանը:

Ամփոփելով նշենք, որ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի նախաստորագրումը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իր մեջ այդ համատեքստում նույնպես որոշակի ուղերձներ է պարունակում՝ ցույց տվող, որ համաձայնագրի ճակատագիրը պայմանավորված չի լինելու ընտրությունների արդյունքներով, Հայաստանն, ինքնին ԵՄ համար կարևոր գործընկեր է: Միևնույն ժամանակ համաձայնագրի նախաստորագրումը դրական դիվիդենտներ է բերելու գործող իշխանություններին՝ որպես որդեգրած արտաքին քաղաքականության կարևոր հանգրվան, իսկ ընդդիմադիր այն քաղաքական ուժերը, որոնք շեշտը դնում էին «եվրոպական վերկտորը կորցնելու մեղադրանքների վրա», ձգտելու են վերախմբագրել իրենց հռետորաբանությունը:   

Աննա Կարապետյան