Արցախը ոչ թե հակամարտության գոտի է, այլ պետություն. ավարտվեց Բլոգերների միջազգային ֆորումն Արցախում

Մարտի 19-ից 21-ն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ բլոգերների միջազգային ֆորումը, որին մասնակցեց շուրջ 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրներից: Ֆորումի արդյունքներն ամփոփելու նպատակով՝ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ֆորումի մասնակիցների հետ:

Ֆորումի բանախոս, «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն  Հրաչյա Արզումանյանն, անդրադառնալով ֆորումի կարևորությանը, նկատեց.

«Հաճախ անհրաժեշտ են լինում ոչ միայն քաղաքական, դիվանագիտական գնահատականներ, այլ նաև ոչ պաշտոնական գնահատականներ, որոնք հնչում են նման միջոցառումների ընթացքում: Բացի այդ, օտարերկյա մասնակիցներն, այցելելով Արցախ, հնարավորություն են ստանում անձամբ ծանոթանալու հայկական իրականությանը՝  այնուհետև կիսել իրենց տպավորություններն արտերկրում իրենց գործընկերների հետ»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, ֆորումի մասնակից Գևորգ Մելիքյանի կարծիքով ֆորումը հնարավորություն տվեց օտարերկյա հյուրերին անձամբ ծանոթանալու Արցախում տիրող իրավիճակին՝ տեսնելու Արցախը ոչ որպես կոնֆլիկտ, այլ որպես պետություն:

Անդրադառնալով ֆորումի կարևորությանը՝ Գևորգ Մելիքյանը առանձնացրեց չորս հիմնական կետ.

«Միջոցառումը նախևառաջ կարևոր է նրանով, որ հնարավորություն է տալիս օտարերկյա լրագրողներին անձամբ ծանոթանալ Արցախի Հանրապետությանը:  Ղարաբաղյան հակամարտությունն այսօր դեռևս շարունակվում է, և շատերի մոտ տպավորություն է, որ Արցախում միայն ավերակներ են, սոված մարդիկ: Ուստի, սա հնարավորություն է օտարերկրյա հյուրերի համար՝ տեսնելու, թե այս տարիների ընթացքում Արցախն ինչ ձեռքբերումներ է ունեցել: Երկրորդ, յուրաքանրյուր բլոգեր, լրագրող ունի իր հետևորդների ցանցը և նրանց միջոցով այդ մարդիկ նույնպես հնարավորություն են ստանում տեղեկանալ Արցախի մասին: Երրորդ, եթե դիտարկենք քաղաքական միջազգային համատեքստն, ապա պետք է փաստենք, որ Լապշինի դեպքից հետո, կար մտավախություն, որ այն մարդիկ, ովքեր հայտնվում են Ադրբեջանի սև ցուցակում, այլևս կխուսափեն Արցախ այցելել, սակայն նման միջոցառումներն ապացուցում են հակառակը: Եվ վերջապես չորրորդ, նման միջոցառումները միջոց են կոչ անելու միջազգային հանրությանը ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա, որպեսզի վերջին չխոչընդոտի լրագրողների, բլոգերների ազատ տեղաշարժը»:

Հավելենք, որ նախաձեռնության հեղինակներն էին Արցախի ժուռնալիստների միությունը և «Արցախակերտում» հասարակական կազմակերպությունը: