Էրդողանը պատրաստ է ամեն ինչի՝ հանրաքվեին «Այո» արդյունք ունենալու համար

Թուրքիայում ընտրողների 55%-ը հակված է դեմ քվեարակելու սահմանադրական փոփոխություններին: Այս մասին են փաստում թուրքական «Net» ընկերության կողմից իրականացված հարցումները: Հատկանշական է, որ վերջին 2 ամիսների ընթացքում իրականացվել է 9 հարցում, որոնցից 7-ի դեպքում հարցվածների մեծամասնությունը դեմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին:

Ինչևէ, հասկանալի է, որ Թուրքիայի նման երկրում վերը նշված թվերը էական դեր և նշանակություն չունեն և ի զորու չեն փոխել խաղի կանոնները: Այսօր Թուրքիայի իշխանությունների առջև դրված է խնդիր՝ իրականացնել սահմանադրական փոփոխություններ, անցնել կառավարման նախագահական համակարգի: Իսկ այս ամենն արվում է իրականում մեկ նպատակով՝ ուժեղացնել Էրդողանի լիազորությունները, երկրում տեղի ունեցող զարգացումները դարձնել առավել վերահսկելի, իսկ որոշումների կայացման գործընթացն էլ՝ ավելի արագ և հիմնականում մեկ անձից կախված:

Իհարկե, այս ամենը շատ լավ գիտակցում է թե´ Թուրքիայի, թե´ միջազգային հանրությունը, որոնց համար խնդիրը հիմնականում կապված է ոչ այնքան համակարգի փոփոխության, այլ հստակ անձի լիազորությունների ընդլայնման հետ: Զուգահեռ դրան, Թուրքիայի իշխանություններն՝ ի դեմս Էրդողանի, էլ ավելի են սրում իրավիճակը ԵՄ հետ՝ օրինակ Գերմանիայի և Նիդեռլանդների իշխանություններին անվանելով «նացիստներ»: Այս կերպ Էրդողանն ու իր թիմակիցները փորձում են ցույց տալ, որ ԵՄ անդամակցությունը չունի այն գինը, որի համար արժե կանգ առնել սեփական իշխանության ամրապնդման ճանապարհին և ընթանալ ժողովրդավարացման ճանապարհով: 

Պատահական չէ, որ Էրդողանն իր վերջին ելույթներից մեկում նշեց, որ սահմանադրական հանրաքվեից հետո Թուրքիան կարող է նոր հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունները շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ: Ամենահետաքրքրականն այն էր, որ Էրդողանը նշում է, որ եթե ԵՄ-ն ընդունի հանրաքվեի հնարավոր «Այո» արդյունքը, ապա դա կհեշտացնի իր գործը և կօգնի Թուրքիային ավելի արագ որոշում կայացնել ԵՄ հետ բանակցությունները շարունակելու նպատակահարմարության հետ կապված: Իսկ սա ոչ այլ ինչ է, քան ԵՄ-ին ուղղված սպառնալիքի հերթական դրսևորում: 

Այսպիսով, պետք է փաստել, որ Էրդողանն այսօր փորձում է լուծել ընդամենը մեկ հարց՝ ընդլայնել սեփական լիազորությունները և դառնալ «սուլթան», ով վերահսկում է ամենքին ու ամեն ինչ: Իսկ այս նպատակին  հասնելու համար հարկավոր է հանրաքվեի արդյունքում ունենալ գերակշռող «Այո» արդյունք, ինչին հասնելու համար էլ կիրառվում են տարաբնույթ գործիքներ և միջոցներ: 

Գրետա Ավետիսյան