Մենք պետք է հիմա պատրաստվենք խաղաղության. Կուրցը՝ Ղարաբաղյան հակամարտության մասին

ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը, միանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ավելի վաղ արված հայտարարությանը, հանդես է եկել հայտարարությամբ՝ Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ անելով հեռու մնալ հրադադարի ռեժիմը վտանգող գործողություններից:

«Մեկ տարի առաջ տեղի ունեցած կռիվն ու բռնությունը, որը վատագույնն էր վերջին երկու տասնամյակում, ավերածությունների, տառապանքների ու մարդկային կորուստների պատճառ դարձան: Այդ ամենը վառ հիշեցումն էր, թե ինչ արագությամբ պատերազմը կարող է խաթարել խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: Այդ կապակցությամբ, կոչ ենք անում բոլոր կողմերին՝ հեռու մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել հրադադարի ռեժիմը: Բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան իրենց միջազգային մարդասիրական պարտավորություններին խստորեն հետևելու հանձնառությանը՝ պատերազմական հանցագործությունները երբևէ արդարացում չունեն», – հայտարարության տեքստից մեջբերում է panorama.am-ը:

Անդրադառնալով 2016 թվականի ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին բռնկված բռնությանը, Կուրցն ասել է, որ բանակցային գործընթացում նոր խթանների հույս է հայտնել:

«Շփման գծում տեղի ունեցած բռնությունները և հրադադարի լուրջ խախտումները, որոնց արդյունքում նաև կորուստներ արձանագրվեցին, մեր մտահոգության առարկան էին նախորդ ողջ տարվա ընթացքում: Այժմ վստահության կառուցման, ինչպես նաև առարկայական բանակցությունների վերսկսմանն ուղղված պրագմատիկ ու կիրառական քայլերի վրա կենտրոնանալու իսկական ժամանական է»,- նշել է Սեբաստիան Կուրցը:

Վերջինս ափսոսանք է հայտնել ապրիլյան ողբերգական իրադարձությունների հետևանքով մարդկային կորուստների առնչությամբ և իր ցավակցությունը հայտնել նրանց ընտանիքներին:

«Մեկ տարի առաջ տեղի ունեցած կռվին հաջորդած հետցնցումները հայերի ու ադրբեջանցիների համար ավելի դժվար դարձրեցին խաղաղությանը հավատալը, բայց ինչպես բազում առիթներով եմ ես ասել, Լեռնային Ղարաբաղի հակամարատությունը չունի ռազմական լուծում: Մենք պետք է հիմա պատրաստվենք խաղաղության և թույլ չտանք պատերազմին հետ գալ՝ իր սարսափելի հետևանքներով հանդերձ»,- հավելել է Սեբաստիան Կուրցը:

Ավստրիայի արտգործնախարարը նաև անդրադարձել է դեսպան Անջեյ Կասպրշիկի գրասենյակի գործունեությանը՝ նշելով. «ԵԱՀԿ նախագահությունը հաստատուն է՝ իր ներդրումն ունենալու և նպաստելու կողմերի միջև 2016 թվականին Վիեննայի և Սանկ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա առաջախաղացմանն ու իրականացմանը»: