
Միջազգային մամուլի անդրադարձը ՀՀ խորհրդարանական ընտրություններին

Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները գտնվում էին ոչ միայն հայ, այլև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, ինչի մասին վկայում են միջազգային մամուլի անդրադարձները: Նշենք, որ միջազգային մամուլում ՀՀ Աժ ընտրությունների թեման հիմնականում լուսաբանվում է սահմանադրական փոփոխություններից հետո դրանց ունեցած կարևորության տեսանկյունից:
«Կիրակի կայացած քվեարկությունն առաջինն էր սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո, որը խորհրդային նախկին այս երկիրը դարձնում է խորհրդարանական հանրապետություն: Ընտրությունները գլխավոր ժողովրդավարական փորձությունն էր դեպի ծով ելք չունեցող 2.9 մլն այս ժողովրդի համար», – գրում է Aljazeera-ն:
Euronews-ը ևս ուշադրություն է հրավիրում, որ Հայաստանն առաջին անգամ է քվեարկում խորհրդարանական կառավարման համակարգի շրջանակներում:
Գերմանական Deutsche Welle-ն էլ ուշադրություն է հրավիրում ընտրությունների ժամանակ տեղի ունեցած տեխնիկական խոտաններին՝ մասնավորապես մարդկանց նույնականացման համար մատնահետք վերցնող սարքերի խափանումներին: «Քվեարկության սարքը նույնիսկ չճանաչեց Սարգսյանին, երբ նա քվեարկում էր», – գրում է DW-ն
Reuters-ն, անդրադառնալով Հայաստանի խորհրդարանական ընտրությունների և էկզիթ-պոլերի արդյունքներին, գրում է. «Հանրապետականները և Դաշնակցությունը, ներկայիս խորհրդարանում կոալիցիոն գործընկերները, ամենայն հավանակնությամբ նորից կոալիցիա կկազմեն՝ իրավունք ստանալով առաջադրել վարչապետի թեկնածությունը, որն ակնկալվում է, որ պետք է լինի գործող վարչապետ Կարեն Կարապետյանը»: