Մոլդովան հետևում է Հայաստանի օրինակին. ստորագրվել է Մոլդովա-ԵԱՏՄ հուշագիրը

Ապրիլի 3-ին ԵԱՏՄ-ի և Մոլդովայի Հանրապետության միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց, որը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար:

Հուշագրի նպատակն է խթանել Մոլդովայի և ԵԱՏՄ երկրների միջև տնտեսական համագործակցության աճը, ներդրումների ներգրավումը, սերտացնել համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Ըստ էության, սա ոչ թե հստակ պարտավորություններ նախատեսող իրավական փաստաթուղթ է, այլ համագործակցությունը խորացնելու երկու կողմերի ցանկության գրավոր արձանագրում, որն ունի նաև քաղաքական նշանակություն:

Մոլդովան ԵՄ Արևելյան գոծընկերության երկիր է, որը ԵՄ հետ կնքել է Ասոցացման և Խոր ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը, որոնք արդեն իսկ ուժի մեջ են մտել: Դրա հետ մեկտեղ, 2016թ. դեկտեմբերին իշխանության գալով, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարեց ԵԱՏՄ հետ սերտ համագոծակցելու իր մտադրության մասին: Արդյունքում, ստորագրվեց այս հուշագիրը:

Փաստացի Մոլդովան, լինելով Ասոցացման համաձայնագիրն ու ԽՀԱԱՀ-ն ստորագրած երկիր, առաջինն էր, որ ցանկություն հայտնեց համագործակցել ԵԱՏՄ-ի հետ: Կարող ենք ասել, որ Քիշնևը նույնպես հետևեց Հայաստանի օրինակին՝ որդեգրելով «և-և»-ի քաղաքականությունը: Պաշտոնական Երևանը, հայտարարելով ԵԱՏՄ-ին անդամակցելու իր մտադրության մասին, իսկզբանե ցանկություն է հայտնել շարունակել համագործակցության խորացումը նաև ԵՄ-ի հետ և պատրաստ էր ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, սակայն Բյուրսելն այն փուլում դա անհնար համարեց: Այսօր այդ խնդիրները հարթվել են, և Հայաստանն, արդեն որպես ԵԱՏՄ լիիրավ անդամ, ԵՄ հետ նախաստորագրել է ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագիրը: Մոլդովան արել է հակառակը՝ Ասոցացման համաձայնագիրը կյանքի կոչելուց հետո է սկսել երկխոսությունը ԵԱՏՄ-ի հետ:

Ընդհանուր առմամբ, այս ողջ գործընթացը ցույց է տալիս, որ Հայաստանի որդեգրած մոտեցումը՝ ոչ թե հակադրել, այլ համադրել ինտեգրացիոն երկու գործընթացները, աստիճանաբար ավելի լայն տարածում է ստանում և ավելի ընկալելի է դառնում և´ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի, և´ տարածաշրջանի երկրների համար: Նման միտումների պահպանման և զարգացման պարագայում, Հայաստանը, Մոլդովան և նրանց օրինակին հետևող մյուս երկրները կարող են իրենց նպաստը բերել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև հակասությունների հարթմանն ու տարածաշրջանում արդյունավետ համագործակցային միջավայրի ձևավորմանը:

Աննա Կարապետյան