Ապրիլի 24, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելից

1965 թվականից սկսած ամեն ապրիլի 24-ի վաղ առավոտյան մարդկային հոսքերի հիմնական ուղղությունը Հրազդան կիրճի մոտ գտնվող Ծիծեռնակաբերդ բլուրն է, դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 44-մետրանոց քարակոթողը, որտեղ անմար կրակի մոտ առավոտվանից սերնդեսերունդ ծաղիկներ են դնում Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի՝ մեր նախնիների հիշատակին: Հուշարձանի 12 քարակոթողները խորհրդանշում են կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են ժամանակակից Թուրքիայի կազմում:

Որպես Հայոց Ցեղասպանության օր համարվում է ապրիլի 24-ը, քանի որ 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը ՝ 600 հայազգի մտավորականներ, որոնք հետագայում սպանվեցին աքսորի ճանապարհին. Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Սիամանթո, Ռուբեն Սևակ, Երվանդ Սըրմաքեշհանլյան, Ատոմ Յարջանյան, Հովհաննես Հարությունյան և այլք: Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ելույթ ունենալով` Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարո Փայլանն առաջարկելով կազմել հանձնաժողով` 1915-ին հայ քաղաքական գործիչների սպանությունները հետաքննելու համար, ցույց տվեց 1908- 1915թթ,. նահատակված հայ պատգամավորների ու քաղաքական գործիչների լուսանկարները. Գրիգոր Զոհրապ, Պետրոս Հալաջյան, Նազարեթ Դաղավարյան, Կարապետ Փաշայան , Օհանես Սերինգյուլյան, , Օնիկ Տերսեքյան, Համբարձում Բոյաջյան, Վահան Փափազյան, Հակոբ Պապիկյան, Գեղամ Տեր-Կարապետյան, Հակոբ Բոյաջյան, Գարեգին Փաստերմաջյան, Արթին Բոշկեզանյանը: Փայլանը բողոք հայտնեց առ այն, որ որոշ վայրեր Թուրքիայում անվանվել են Հայոց ցեղասպանության կազմակերպիչների և իրագործողների անուններով: «Կարո՞ղ եք պատկերացնել` այցելել Գերմանիա և զբոսնել Հիտլերի պողոտայով», – ասաց Փայլանը: Չնայած 24-ն է համարվում որպես Հայոց ցեղասպանության օր, հայերի նկատմամբ ջարդերի տարեթիվը` 1892-1923 թվականներն են, երբ Թուրքիայի կառավարող շրջանները` սկզբում Համիդյան Թուրքիան, ապա Երիտթուրքերի կառավարությունը կազմակերպեցին ցեղասպանություն,որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը, գրում է Tert.am-ը: Առաջին փուլով բանակ զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ, ավելի ուշ` զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից, ապա թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։ Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։ 1919-1920 թթ. Փարիզի խաղաղության կոնֆերանսում, հրապարակվեց հայությանը պատճառած վնասի չափը .14 միլիարդ 598 միլիոն 510 հազար ֆրանկ արևմտահայությանը, իսկ արևելահայությանը՝ 4 միլիարդ 532 միլիոն 472 հազար ֆրանկ: Չհաշված այն, որ ոչնչացվեցին ու հրո ճարակ դարձան նյութական ու մշակութային հազարավոր հուշարձաններ ու կոթողներ, հարուստ գրականություն ու ձեռագրեր:

Վիճակագրական տվյալների համաձայն` կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։ Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Այս ողբերգական շրջանից պատմությանը հայտնի են հայերի ինքնապաշտպանության հերոսական դրվագներ, Մուսա Լեռ, Վանի, Ուրֆայի, Մուշի ու Վանի ինքնապաշտպանություն: Մուսա լեռան ինքնապաշտպանության մասին գրվել է Ֆրանց Վերֆելի հանրաճանաչ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը: Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներ են համարվում երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը: Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը: Հայ ժողովրդի դահճապետ Թալեաթը մարդասպանի գոռոզամտությամբ դեռևս 1915 թվականի օգոստոսի 31-ին գոչեց․«Հայկական հարցը լուծելու տեսակետից ես երեք ամսում ավելի շատ գործ կատարեցի, քան Աբդուլ Համիդը՝ 30 տարում»:

Այս ողբերգական իրադարձութունների հետևանքով աշխարհի բոլոր ծագերում առաջացավ Հայկական Սփյուռքը` Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրները 23 են. Բրազիլիա, Լյուքսեմբուրգ, Ավստրիա, Բոլիվիա, Շվեդիա, Ֆրանսիա, Հունաստան, Վատիկան, Կանադա, Լիբանան, Լիտվա, Լեհաստան և այլն: Սակայն առաջին պետությունը, որ ճանաչեց 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացվածը որպես Ցեղասպանություն, Ուրուգվայն էր` 1965-ին: Պետություններից զատ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ` Եվրոպական միությունը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական շարժումը, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն: Հայոց ցեղասպանությունը ընդունել են ԱՄՆ-ի և այլ երկրների մոտ մեկ հարյուրյակ նահանգներ, նահանգային խորհրդարաններ և այլ կառույցներ: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար հզոր գործիք դարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական միջոցառումները, որի շրջանակներում, 2015 թվականին Հայաստանում, հիրավի, պատմություն կերտվեց. ընդունվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից համահայկական հռչակագիրը, 2015-ի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում անցկացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ, մի քանի օր անց 600 տարվա ընդմիջումից հետո 1915թ. ապրիլի 23-ին Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 1. 5 միլիոն զոհերի սրբադասման արարողություն, դրանից մեկ օր անց` ապրիլի 24-ին հարյուրավոր հյուրերի թվում Հայաստան ժամանեցին նաև 4 երկրների նախագահներ. Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի: Մի առանձին իրադարձություն էր աշխարհահռչակ SOAD –ի ՝«Արթնացրե՛ք հոգիները» համերգը:  

«Արմեդիա» ՏՎԳ