Շնորհավո՛ր մայիսի 1-ը՝ աշխատանքի ու աշխատավորների տոնը

Մայիսի 1-ն Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է: Այն  նշվում է աշխարհի 142 երկրում: Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում:

1886թ. ամերիկացի և կանադացի աշխատավորները ցույց են կազմակերպել՝ աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով: Գործադուլն ավարտվել է ոստիկանության հետ արյունալի բախումներով: Չիկագոյում ցույցը ցրելու հետևանքով մահացել է 8 ոստիկան և 4 ցուցարար, տասնյակ մարդիկ տուժել են: 

1889թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսն, ի հիշատակ Չիկագոյի դեպքերի, որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին: Սակայն առաջին անգամ այն որպես տոն արդեն նշվել է 1890 թվականին: Որոշվեց մեկ միասնական օր ընտրել, երբ աշխարհի բանվոր դասակարգն իշխանություններին իր պահանջները կներկայացնի: Իսկ 20-րդ դարասկզբին ահա հեղափոխական շարժումը տեղափոխվեց Ռուսաստան և ԽՍՀՄ անդամ երկրներ:

Այդ տարիներին մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն՝ ուղեկցվելով ավանդական շքերթով։ Մարդկանց իրենց հիմնարկներից պարտադիր տանում էին շքերթի, որից հետո ժողովուրդն այցելում էր տարբեր զվարճավայրեր:

Սովետական հասարակարգի փլուզումից հետո, սակայն, այս տոնը կարծես Հայաստանում վերացել էր` ելնելով պատերազմական և սոցիալական բազմաթիվ խնդիրներից: Ի վերջո հաղթահարելով դրանք` վերսկսվեց աշխատանքի գնահատման ժամանակաշրջանը:

Չնայած այսօր շատ քչերն են հիշում նախկին կոչերը` «Կեցցե՛ սովետական ժողովուրդների բարեկամությունը, կեցցե՛ Սովետական Միությունը, կեցցե՛ պրոլետարիատը, ուռա՛», միևնույն է տարբեր հրապարակումների միջոցով լուսաբանում են օրվա խորհուրդն ու նշանակությունը՝ բացատրելով, թե հատկապես ինչով էր տոնն այդչափ կարևոր նախորդ սերունդների համար:

«Արմեդիա» ՏՎԳ