Հրադադարն ամրապնդող նոր եռակողմ համաձայնագրի կարիք ունենք

Արդեն 23 տարի է անցել 1994թ.-ին Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև հրադադարի ստորագրումից: Սակայն  արդյոք այսօր ունե՞նք հրադադար. այս հարցին պատասխանելիս պետք է հաշվի առնել, որ ամեն օր մամուլում հրապարակվում են հրադադարի խախտման մասին հաղորդագրությունները, դիվերսիաների հետևանքով և դիպուկահարների կրակոցներից զոհվում են զինվորներ, չի նվազում պատերազմի վերսկսման վտանգը: Ապրիլյան պատերազմն էլ լրացուցիչ ահազանգ դարձավ, որ հրադադարն այսօր Ադրբեջանի համար ոչ մի արժեք չունի, ինչպես նաև այս 23 տարիների ընթացքում հնչած մի շարք հայտարարությունները՝ հակամարտությանը քաղաքական կարգավորում տալու և ռազմական լուծումից խուսափելու վարեբարյալ:

Հրադադարի համաձայնագրի պահպանումն այն նվազագույն շեմն է, որն անհրաժեշտ է կողմերի միջև փոխվստահության մթնոլորտ կառուցելու և քաղաքական կարգավորման հասնելու համար: Սակայն, ներկայիս հրադադարի համաձայնագիրը, կարծես, չի կարողանում լիարժեք ծառայել այդ նպատակին, այլ ընդամենը ապահովում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը:

Այս իրավիճակում թերևս ամենանպատակահարմարը 1994թ. հրադադարի հիման վրա, նույն ձևաչափով՝ այսինքն՝ Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի մասնակցությամբ, նոր համաձայնագրի ստորագրումն է՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ:

Նման համաձայնագրի կնքումը, իսկ ավելի ճիշտ կնքմանն ու կյանքի կոչմանը հասնելը, հնարավորություն կտա, մի կողմից, վերջ դնել հրադադարի խախտումներին և վերադառնալ խաղաղ պայմաններում քաղաքական բանակցություններին, մյուս կողմից՝ կվերացնի վստահության մթնոլորտը խաթարող մյուս քայքայիչ գործոնը՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից անվերջ հնչող հայատյաց հայտարարությունները և պատերազմի միջոցով հարցը լուծելու սպառնալիքները:

Ուստի, այս փուլում տրամաբանական շարունակությունը պետք է լինի նոր՝ եռակողմ համաձայնագրի կնքումը, որը ոչ թե կչեղարկի 1994թ.-ի հրադադարը, այլ կամրապնդի այն և կահամապատասխանի առկա իրողություններին:

Աննա Կարապետյան