Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստը

Մայիսի 23-ին Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջից:

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, իսկ Եվրոպական միության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

Կողմերն անդրադարձ կատարեցին Համագործակցության խորհրդի նախորդ նիստից հետո արձանագրված ձեռքբերումներին:

Հանգամանալից քննարկում ծավալվեց Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ, այդ թվում՝ քաղաքական երկխոսություն, առևտրի և ոլորտային համագործակցություն, մարդու իրավունքներ, շարժունակություն, բարեփոխումների գործընթաց: Խորհրդի նիստին մտքեր փոխանակվեցին Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության 2017-2020թթ. առաջնահերթությունների շուրջ։

Անդրադարձ կատարվեց նախորդ տարվա ընթացքում բարձր մակարդակի փոխայցերին, Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ արդյունավետ բանակցություններին, ԵՄ տարբեր ծրագրերում Հայաստանի մասնակցությանը:

Ընդգծելով ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և մարտին Երևանում դրա նախաստորագրումը՝ հույս հայտնվեց, որ Համաձայնագիրը հնարավոր կլինի ստորագրել ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում:

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Արևելյան գործընկերության նպատակներին և իր նպաստը բերել այդ բազմակողմ ձևաչափում իրականացվող համատեղ ջանքերին:

Անդրադարձ կատարվեց վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի արձանագրած ձեռքբերումներին, այդ թվում COSME և Հորիզոն 2020 ծրագրերին միանալը, ինչպես նաև Ստեղծագործ Եվրոպա ծրագրի և Ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ մեկնարկած բանակցություններին:

Ընդգծվեց Հայաստանի և Եվրոպական միության ակտիվ համագործակցությունը մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացի և հետընդունման համաձայնագրերի իրականացման ուղղությամբ: Էդվարդ Նալբանդյանն այս համատեքստում նշեց, որ Հայաստանն ակնկալում է մեկնարկել մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչպես դա ավելի վաղ նախանշվել էր Ռիգայում: