Արտահերթ ընտրությունները Մեծ Բրիտանիայում կամ Թերեզա Մեյի չարդարացված «ռիսկը»

Մեծ Բրիտանիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կուսակցություններից ոչ մեկին չհաջողվեց մեծամասնություն ստանալ խորհրդարանում: Այսպես, ներկա դրության պահպանողականները ստանում  են 318, լեյբորիստները՝ 261, լիբերալ-դեմոկրատները՝ 12, Շոտլանդիայի ազգային կուսակցություն՝ 35 մանդատ, ևս 23 մանտադ բաշխվում է այլ կուսակցությունների և անկախ թեկնածուների միջև: Փաստորեն վարչապետ Թերեզա Մեյի գաղափարը այս ընտրությունների միջոցով ամրապնդել պահպանողականների դիրքերը Brexit-ի գործընթացում, տապալվեց. նրան ոչ միայն չհաջողվեց այս ընտրություններով ամրապնդել պահպանողականների դիրքերը, այլ կորցրեց խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը: Նշենք, որ Բրիտանիայում խորհրդարանը, որում կուսակցություններից ոչ մեկ բացարձակ մեծամասնություն չունի՝ 326 մանդատ, անվանում են կախյալ: Սա նշանակում է, որ կառավարությունը կազմվելու է կոալիցիայի միջոցով:

Նշենք, որ նախկինում Լեյբորիստները սպառնում էին արգելափակել ԵՄ կազմից դուրս գալու մասին վերջնական համաձայնագիրը, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը փաստացիորեն բոյկոտում էր կառավարության նախաձեռնությունները: Արդյունքում, Թերեզ Մեյը կոշտ Brexit-ի համար անհրաժեշտ աջակցություն չունենալով, ստիպված էր տեղի տալ տարբեր քաղաքական շրջանակների՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը: Մյուս կողմից նման որոշում կայացնելու պահին ամեն ինչ խոսում էր Մեյի վստահ հաղթանակի մասին, սակայն Բրիտանիայում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունները ընտրողների տրամադրություներում որոշակի փոփոխություններ մտցրեցին: Բրիտանացիներից շատերը Brexit-ի ֆոնին իրենց լքված էին զգում ահաբեկչության վտանգի դեմ, ուստի ընտրություն կատարեցին Լեյբորիստների օգտին, ովքեր խոստանում են պահել ԵՄ հետ Լոնդոնի համար կարևոր կապերը:

Պահպանողականների կոալիցիան Լեյբորիստների կամ Շոտլանդիայի ազգային կուսակցության հետ թերևս ամենաանհավանականն է. նրանց մոտեցումները Berxit-ի հարցում միանգամայն տարբեր են: Այսպիսով, պահպանողականները կարող են համագործակցելու հույս ունենալ այլ կուսակցությունների և անկախ թեկնածուների հետ: Սակայն, հաշվի առնելով, որ վերջիններիս հետ էլ կան տարակարծություններ տարբեր հարցերում, բրիտանական իշխանությունները յուրաքանչյուր հարց քվեարկության դնելու համար բավականին լուրջ քննարկումներ կարող են ունենալ հենց իշխող կոալիցիայի շրջանակներում:

Մյուս կողմից չի բացառվում, սակայն քիչ հավանական է, որ Լեյբորիստները, դաշինք կազմելով մյուս կուսակցությունների հետ, կարող են ձևավորել փոքրամասնության կոալիցիա, որտեղ ևս ներքին տարաձայնություններից խուսափել չի հաջողվի:

Արդյունքում, Թերեզա Մեյի քաղաքական սխալ հաշվարկների պատճառով, Brexit-ի շուրջ բանակցություններ Մեծ Բրիտանիան մտնում է ներքաղաքական լուրջ խնդիրներով:    

Armedia.am