Ֆրանսիական շոկոլադը XIX դարում աշխարհին է պատմել հայերի կոտորածի մասին

Շոկոլադ արտադրող ֆրանսիական Chocolaterie d’Aiguebelle գործարանը, որը գործել է Լա-Տրապ վանքին կից, XIX դարի վերջին մտածել է այդ ժամանակվա համար եզակի մարկետինգային հնարք. սկսել է կոնֆետների տուփեր թողարկել բացիկների տարբեր հավաքածուներով: Այս մասին հայտնում է RusArmInfo-ն:

Առաջնային նպատակը եղել է արտադրանքի վաճառքի մեծացումը: Ենթադրվում էր, որ գնորդը ձեռք կբերի կոնֆետներն այն բանի համար, որպեսզի ունենա բացիկների ամբողջական հավաքածուն։ Սակայն մի քանի տասնամյակ անց գործարանը, որն ավելի վաղ իր գնորդներին ուրախացնում էր հայտնի անձանց դիմանկարներով, կենդանիներով ու բնապակերներով, ցնցեց ողջ աշխարհը` ոչ մեկին անտարբեր չթողնելով:

1899 թվականին Chocolaterie d’Aiguebelle-ն թողարկել է բացիկների հավաքածու՝ «Հայերի կոտորածը» անվանումով, որը պատմում էր Օսմանյան կայսրությունում XIX դարի վերջի հայերի կոտորածների մասին։ Շարքը ներառել է 14 արյունոտ բացիկ և դրանցից յուրաքանչյուրի մեկնաբանությունը։ Բացիկներում պատկերված են եղել «Թուրքերի կողմից հետապնդվող հայերը ծովն են նետվում` ռուսական նավին հասնելու համար», «Քրդերի կողմից հետապնդվող հայերը», «Ստրկության վաճառված հայերը»։

«Հայերի կոտորած» սերիան ներառել է իր մեջ ոչ միայն հայերի, այլև ընդհանուր առմամբ քրիստոնյաների հալածանքների պատկերներ։ Հավաքածուի համար, որն աշխարհին իրազեկել է այն տարիներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցողի մասին, շոկոլադի գործարանը Փարիզում Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ պարգևատրվել է բարձրագույն մեդալով։