Թուրքիայի կողմից պատերի կառուցումը ձեռնտու է նաև ԵՄ-ի՞ն

Միջազգային պրակտիկայում հարևան պետությունների հետ խնդիրներ ունեցող երկրների կողմից պատեր կառուցելու երևույթը միշտ էլ առկա է եղել, սակայն գլոբալիզացիայի այս ժամանակաշրջանում թվում էր, թե այդ կառուցվող պատերի թիվը պետք է աստիճանաբար նվազի: Այնուամենայնիվ, ինչպես համաշխարհային զարգացումներն են ցույց տալիս, նկատվում է ճիշտ հակառակ տենդենցը:

Վերջերս Թուրքիան ավարտեց Սիրիայի հետ սահմանին 700 կմ երկարությամբ պատի կառուցումը, իսկ նման քայլի դիմելն, ըստ Թուրքիայի, պայմանավորված է Սիրիայի տարածքից ահաբեկիչների մուտքը Թուրքիա կանխելու անհրաժեշտությամբ: Ավելին` Թուրքիան նախատեսում է նմանատիպ պատ կառուցել նաև Իրանի հետ սահմանին կրկին նույն պատճառաբանությամբ: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ պատեր կառուցելու պատճառն առաջին հերթին ահաբեկիչների մուտքն արգելելը չէ: Սա ավելի շատ պայմանավորված է քրդական գործոնով՝ քրդաբնակ սահմանամերձ շրջաններում քրդերի տեղաշարժի վրա առավել մեծ վերահսկողություն սահմանելու նպատակով:

Պետք է նշել, որ շրջանառվում են նաև լուրեր Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանին պատ կառուցելու վերաբերյալ, սակայն այդ մասին դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չկա: 

Հատկանշական է, որ Թուրքիայի կողմից պատեր կառուցելու գաղափարը որևէ քննադատության չարժանացավ ԵՄ կողմից,  որը, հիմնվելով իր արժեհամակարգի վրա, մշտապես հանդես է եկել հարևան երկրների միջև բաց սահմանների,  միջսահմանային համագործակցության օգտին:

Ակնհայտ է, որ Եվրամիության «լռությունը» պայմանավորված է այն հանգամանքով, որ հատկապես Սիրիայի հետ սահմանին Թուրքիայի կողմից պատի կառուցումը բխում է նաև ԵՄ շահերից: Արդեն մի քանի տարի է, ինչ միգրանտների հարցը ԵՄ համար ամենացավոտ հարցերից է, որի ֆոնին ԵՄ տարածքում աճել է նաև ահաբեկչությունների թիվը: Ուստի Թուրքիայի կողմից պատերի կառուցումը ԵՄ կողմից դիտվում է որպես միգրանտների խնդրի մասնակի լուծում: 

Գրետա Ավետիսյան