“Երիտասարդության հարթակ” ծրագիր

“Երիտասարդության հարթակ” ծրագիրը թրեյնինգ-քննարկումների շարք է երիտասարդ մասնագետների (քաղաքագետների, միջազգայնագետների, տնտեսագետների, լրագրողների) համար: Սա յուրահատուկ հարթակ է, որտեղ երիտասարդները ոլորտային մասնագետների հետ միասին քննարկում են ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող արդի և կարևոր խնդիրները, գիտելիքներ ստանում հարևան երկրների, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն հանդիսացող հարցերի, միջազգային գործընթացների մասին: Այս ամենը զուգակցվում է թիմային աշխատանքով, սեփական կարծիքի արտահայտմամբ ու  հին խնդիրներին նոր լուծումներ առաջարկելով:

Ծրագրի մասնակիցները, շաբաթը մեկ անգամ հանդիպելով, հնարավորություն են ստանում համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչների, փորձագետների, վերլուծաբանների, ՀՀ առաջատար բուհերի դասախոսների հետ քննարկել առավել արդիական և կարևոր հարցեր: Ծրագրի ընթացքում հատուկ տեղ է հատկացվում թիմային աշխատանքներին և անհատական հետազոտություններին, քննարկումներին, բանավեճերին և դերային խաղերին: Այսպիսով, մասնակիցներին տրամադրվում է հարթակ ոչ միայն լսելու, այլև սեփական վերլուծություններով հանդես գալու համար:

“Երիտասարդության հարթակ”-ում մշտապես ուշադրության կենտրոնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, ԼՂՀ կայացումն ու զարգացումը, ՀՀ ինտեգրացիոն գործընթացները, հարաբերություններն ուժային կենտրոնների և հարևան երկրների հետ: Բացի այդ, հանդիպումների ընթացքում հատուկ ժամանակ է  հատկացվում  ընթացիկ միջազգային առավել արդիական և կարևոր հարցերի քննարկմանը: Կարևորվում է առկա խնդիրների համար նորարարական և իրական լուծումների մշակումը:

Աշխատանքը երիտասարդների հետ մշտապես եղել է “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ի գերակայությունների շարքում, և կազմակերպության կողմից տարեց տարի իրականացվել են երիտասարդության ներգրավմամբ բազմաթիվ ծրագրեր: “Երիտասարդության հարթակ” ծրագիրն իրականացվում է բացառապես “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ի ջանքերով, կազմակերպության անդամների կամավորության և էնտուզիազմի շնորհիվ:

Հանդիպումների լուսանկարներ