Երևանում բացվել են արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառները

PAN Photo

Երևանը ևս մեկ կարևոր քայլ է արել դեպի «արևային էներգիայով սնուցվող ապագա»: Այսօր՝ հուլիսի 7-ին, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին փորձարկեց արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառը 2017թ-ի «Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» խորագրով միջոցառումների շրջանակում:

Արևային վահանակները հանրային տրանսպորտի երկու կանգառներում տեղադրվել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ՝ երկրում վերականգնվող էներգիայի օգտագործումը խթանելու համար: Կանգառները գտնվում են Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում և թույլ են տալիս մայրաքաղաքի բնակիչներին և այցելուներին՝ անվճար լիցքավորելու բջջային հեռախոսները և թվային այլ սարքավորումներն արևային էներգիայով: Յուրաքանչյուր կանգառ կարող է ամբողջովին լիցքավորել օրական 24 հեռախոս: Մեկ հեռախոսը լիցքավորելու համար անհրաժեշտ է 5 Վտ հզորությամբ էլեկտրական հոսանք:  Լիցքավորման տևողությունը կախված է հեռախոսի և այլ սարքավորումների ապրանքանիշից և տեխնիկական տվյալներից:

«Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» խորագրով մեկշաբաթյա նախաձեռնությունն անցկացվում է Երևանում և մարզերում հուլիսի 3-ից 7-ը Հայաստանում ԵՄ պատվիրակության, գործընկեր կառույցների և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի նախաձեռնությամբ: