“Թուրքիա. հայացք ներսից” ծրագիր

Մեծ եղեռնը վերապրածների թվում կան մարդիկ, ում կյանքը փրկվել է թուրք հարևանի, ընկերոջ կամ անծանոթի կողմից«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունն ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ իրականացրել է  (2015թ.-ի նոյեմբերից 2017թ.-ի մայիս) «Թուրքիա. հայացք ներսից» ծրագիրը, որի նպատակն է նպաստ բերել հայ և թուրք ժողովուրդների միջև երկխոսության զարգացմանն ու փոխադարձ վստահության կառուցմանը: Այս ծրագիրը հիմնված է 2014թ.-ին Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության օժանդակությամբ մեր կողմից իրականացված ծրագրի վրա, որի արդյունքում պատրաստվեց «100 տարի… իրական պատմություններ» գիրքը: Էլեկտրոնային տարբերակին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Թուրքիայում ծրագրի մեր գործընկերներն են «Հայ Մշակոյթի և Զօրակցութեան Միութիւնը» (համակարգող՝ Արիս Նալջը), ինչպես նաև Ալին Օզինյան-Ոսկանյանը:

Ծրագրով նախատեսված էր էլեկտրոնային  գրքի պատրաստում, որտեղ ներկայացված են հայերին փրկած թուրքերի/քրդերի ժառանգների 15 պատմություն, ներկայումս Թուրքիայում ապրող հայերի 15 պատմություն, և 10 հարցազրույց փրկվածների (թուրքերի/ քրդերի կողմից փրկված հայեր) և հայերին փրկած թուրքերի/քրդերի ժառանգների հետ:

Պատմություններն իրական են՝ սղագրված ճիշտ այնպես, ինչպես պատմել են մեր թիմին, առանց բովանդակային խմբագրման: Պատմությունները բանավոր վերարտադրել են Մեծ եղեռնը վերապրածների և հայերին փրկողների ժառանգները, հարազատները, մտերիմները: Յուրաքանչյուր հերոս կիսվել է նրանով, ինչ ականատեսները պատմել են այդ ժամանակվա իրադարձությունների մասին: Թուրքիայում ներկայումս բնակվող հայերի պատմությունները, ներկայացվող հարցազրույցները ներառում են նաև հերոսների հայացքը Թուրքիայի ներսում ընթացող փոխակերպումների, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ներկայիս վիճակի հետ կապված:

«Թուրքիա. հայացք ներսից» գրքի էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է հայերեն, թուրքերեն, անգլերեն լեզուներով և հասանելի է անվճար: Այն նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար:

Գրքում զետեղված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են իրադարձությունների մասնակիցների և պատմությունները վերարտադրող անձանց տեսակետը և չեն արտացոլում ԱՄՆ կառավարության դիրքորոշումը: