Ռուսաստանը նվազեցնո՞ւմ է ՆԱՏՕ-ի հետ շփումները, թե՞ ամրագրում է առկա իրողությունները

inosmi.ru

ՆԱՏՕ-ի անդամ երկրները հուլիսի 13-ին կայանալիք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի ժամանակ իրենց դժգոհությունը կհայտնեն Բալթիկ ծովի օդային տարածքում ռուս օդաչուների վտանգավոր գործողությունների առնչությամբ, հայտնում է Politico-ն: Նշվում է, որ դա ՆԱՏՕ անդամ երկրների միակ դժգոհությունը չէ Ռուսաստանից. նախատեսվում է անդրադարձ կատարել նաև Ռուսաստանի կողմից «Запад 2017» լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման հարցին: Օրերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Կիևում Ռուսաստանին կոչ էր արել իր զորքերը դուրս բերել Ուկրաինայից:

Նշենք, որ Ռուսաստանում ՆԱՏՕ բոլոր այս մեղադրանքները հերքում են, ավելին՝ Մոսկվան մեղադրում է դաշինքին իր սահմանակից եվրոպական երկրներում ռազմական ներկայության մեծացման մեջ, ինչը դիտարկվում է որպես սպառնալիք Ռուսաստանի անվտանգությանը:

Արդյունքում, կողմերի միջև կառուցողական երկխոսության հնարավորությունն այս անգամ ևս շատ փոքր է: «ՆԱՏՕ-ում տրամադրված չեն կառուցողական երկխոսության, իսկ ցանկացած քննարկում վերաճում է ռուսական կողմին ուղղված մեղադրանքների», – նշել է Ռուսաստանի ՊՆ-ում Известия թերթի աղբյուրը: Վերջինիս փոխանցմամբ հենց այդ պատճառով է, որ Ռուսաստանը մտածում է իջեցնել ՆԱՏՕ-ում իր ներկայացվածության մակարդակը՝ մշտական ներկայացուցչին փոխարինելով ժամանակավորով:

Միևնույն ժամանակ նշվում է, որ այս հարցով վերջնական որոշում չկա դեռևս, քանի որ Մոսկվան կարևորում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ շփումները: «Մոսկվան կարող է նման քայլի գնալ, եթե մոտ ապագայում դրական փոփոխություններ չնկատվեն», – նշել է Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը:

Սակայն նիստին նախորդած հայտարարություններից արդեն պարզ է դառնում, որ կողմերը շարունակելու են 2014 թվականից իրականացվող և ուկրաինական դեպքերով պայմանավորված փոխադարձ մեղադրանքների քաղաքականությունը: Ուստի, արդյունավետ երկխոսություն ակնկալել չարժե:

Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների լրացուցիչ սրացումը, այդ թվում՝ ներկայացուցչի մակարդակի իջեցումը, կարող է բացասական ազդեցություն ունենալ նաև Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա: Բնական է, որ հարաբերությունների բացասական դինամիկայի պահպանման պարագայում ՀՀ ռազմավարական դաշնակիցը կարող է որոշակի «խանդով» վերաբերվել նաև ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանը: