Ի՞նչ է փնտրում Թրամփն Արևելյան Եվրոպայում

Լուսանկարը` SAUL LOEB/AFP/Getty Images

ԱՄՆ արտաքին քաղաքականության վերջին շրջանում նկատված ակտիվության ֆոնին, երբ միջազգային մեդիա շրջանականերում հիմնական ուշադրությունը սևեռված էր ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում տեղի ունեցող զարգացումներին, կայացավ ԱՄՆ նախագահի այցը Լեհաստան: Այնտեղ ԱՄՆ նախագահը մասնակցեց,  այսպես կոչված, «Երեք ծովերի նախաձեռնություն» ձևաչափով (Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան, Սլովակիան, Ռումինիան, Բուլղարիան, Լիտվան, Էստոնիան, Լատվիան, Խորվաթիան, Սլովենիան, Ավստրիան) երկրների ղեկավարների հանդիպմանը: ԱՄՆ նախագահի` նման ձևաչափով հանդիպումը նոր էր և բավականին հետաքրքրական, եթե այն դիտարկենք մի քանի մասով:

Նշենք, որ, այսպես կոչված, «Երեք ծովերի նախաձեռնություն»  ձևաչափը լեհ-խորվաթական համատեղ նախաձեռնություն է, որին սկիզբ դրվեց  2016 թվականին, և այն նպատակ է հետապնդում զարգացնել  Ադրիատիկ, Բալթյան և Սևծովյան երկրների միջև առևտուրը, ինչպես նաև էներգետիկ, ենթակառուցվածքային և քաղաքական ոլորտներում համագործակցությունը: Ձևաչափին սկիզբ դնելու նպատակով 2016 թվականին տեղի ունեցավ երկօրյա տարածաշրջանային ֆորում, որին մասնակցեցին նաև պատվիրակներ Մակեդոնիայից, Մոնտենեգրոյից, Կոսովայից, Թուրքիայից, ինչպես նաև եղան ներկայացուցիչներ ԱՄՆ-ից և Չինաստանից: Փաստը, որ ձևաչափի առաջին հանդիպմանը ներկա չէին ներկայացուցիչներ Ռուսաստանից, ստիպեց շատ փորձագետների պնդել, որ նախաձեռնությունը ՌԴ-ի դեմ է:

Հետաքրքական է փաստել, որ, համաձայն փորձագիտական շրջանակներում տարածված կարծիքի, նախաձեռնությունն ուղղված է նաև հավասարակշռելու Գերմանիայի և Բրյուսելի ազդեցությունն արևելյան և կենտրոնական Եվրոպայի երկրների վրա:  Այս առումով թերևս պատահական չէ, որ, օրինակ, Լեհաստանի իշխող՝ «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկինը հունգարական պարբերականի հետ հարցազրույցում նշել է, որ այն հակազդելու է «Եվրոպայում լիակատար հեգեմոնիայի հաստատելու» Բրյուսելի նկրտումներին:

Բրյուսելին հակազդելու թեզն ավելի հիմնավոր է դառնում, երբ դիտարկում ենք, օրինակ,  Բրյուսելի հետ Լեհաստանի իշխանության միջև վերջին շրջանում նկատվող անհամաձայնություններին:

Այդ անհամաձայնության վերջին օրինակը կապված էր Լեհաստանի իշխող կուսակցության կողմից նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների հետ, որոնք նախատեսում են խորհրդարանին տալ լրացուցիչ լիազորություններ դատավորներին նշանակելու հարցում: Նախատեսվող այս փոփոխությունները դարձել են Լեհաստանում բողոքի ակցիաների պատճառ և քննադատվել է Բրյուսելի կողմից, ինչին ի պատասխան՝ լեհ պաշտոնյաները նշել են, որ Բրյուսելն իրավունք չունի խառնվելու անդամ երկրների ներքաղաքական հարցերին:

Բրյուսելի  և պաշտոնական Վարշավայի հարաբերություններում բացասական ֆոն նկատվում է նաև Լեհաստան Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից ներգաղթյալներ ընդունելու հետ կապված, ինչի համատեքստում Լեհաստանը հրաժարվում է ներգաղթյալներին ընդունելուց`իր դիրքորոշումը հիմնավորելով երկրում առկա անվտանգային և տնտեսական խնդիրներով:

Նախորդ տարի պաշտոնական Վարշավա-Բրյուսել հարաբերություններում անհամաձայնությունների պատճառ դարձավ նաև Լեհաստանում ընդունված լրատվամիջոցների մասին օրենքը, որով իշխանությանը տրվում էր իրավասություն նշանակելու պետական լրատվական գործակալությունների ղեկավարներին: 

Այսպիսով, առկա նման զարգացումների համատեքստում, ինչո՞վ կարող է պայմանավորված լինել ԱՄՆ նոր վարչակարգի նման առանձնահատուկ հետաքրքրությունն այս ձևաչափով եվրոպական երկրների հետ համագործակցելու հարցում: Նման ձևաչափով համագործակցությամբ, ըստ էության, Թրամփը միանգամից փորձում է առնվազն երկու խնդիր լուծել:

Առաջին, իր այս այցով Թրամփը ցանականում էր ուղերձ հղել պաշտոնական Բրյուսելին, առ այն, որ  իր վարչակարգը չի սահմանափակվելու միայն պաշտոնական Բրյուսելի հետ համագործակցությամբ և անկախ պաշտոնական Բրյուսելի հետ ունեցած տարաձայնությունների՝ եվրոպական երկրների հետ համագործակցելու է նաև այլ ձևաչափերով (այս համատեքստում ԵՄ ներսում առկա տարաձայնություններն ԱՄՆ-ի համար նպաստավոր նախադրյալներ են ստեղծում): Ըստ էության` սա հասցեական կոչ էր Բրյուսելին, որ ԱՄՆ-ԵՄ առկա տարաձայնություններից ավելի շատ տուժելու է նույն Բրյուսելը:

ԵՄ-ում նոր դաշնակիցներ գտնելու ԱՄՆ ցանկությունը բացատրվում է նաև Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու փաստով: ԵՄ-ում կորցնելով իր հավատարիմ դաշնակցին՝ ի դեմս Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ վարչակարգն այսօր խնդիր է հետապնդում միության ներսում գտնել նոր հենման կետեր՝ իր ազդեցությունը չթուլացնելու համար:

Երկրորդ, պատահական չէր, որ Լեհաստան Թրամփի այցը և նման ձևաչափով հանդիպումն անմիջապես նախորդեց ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Պատահական չէր նաև այն, որ «Երեք ծովերի նախաձեռնություն» ձևաչափում հանդիպման ժամանակ բանակցությունների հիմնական թեման էներգետիկ համագործակցությունն էր, մասնավորապես, ԱՄՆ հեղուկ գազի արտահանումը Եվրոպա: Ուստի, Դոնալդ Թրամփի այցը Լեհաստան և մասնակցությունը տվյալ ձևաչափով հանդիմանը նպատակ էր հետապնդում ուժեղացնելու ԱՄՆ դիրքերը ՌԴ-ի հետ բանակցություններում՝ ցույց տալով, որ ԱՄՆ-ը շարունակելու է պահպանել և ամրապնդել Արևելյալ Եվրոպայում իր ներկայությունը:

Ուստի, եթե փորձենք ամփոփել, ապա Թրամփի վարչակարգը «Երեք ծովերի նախաձեռնություն» ձևաչափում դրսևորած նման ակտիվությամբ, ցանկանում է «մեկ հարվածով միանգամից երկու նապաստակ որսալ»՝ ամրապնդելով ԱՄՆ դիրքերը Ռուսաստանի և ԵՄ-ի հետ հարաբերություններում:

Լիանա Հովհաննիսյան