ՖՐԱՆՍԻԱՆ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՇԵՆԳԵՆ ԳՈՏՈ՞ՒՑ

Ֆրանսիան հայտարարել է, որ հնարավոր է` իր տարածքում դադարեցնի Շենգենյան պայմանագրի դրույթները, որոնք ենթադրում են ազատ տեղաշարժ Եվրամիության երկրների միջև։

Որոշումը կարող է ընդունվել ի պատասխան Թունիսից և Լիբիայից ներգաղթողների մեծ հոսքի։ Այս մասին հաղորդում է Reuters –ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրի։
“Մենք մեխանիզմ ենք մշակում, որը թույլ կտա Եվրամիության արտաքին սահմանների պարբերաբար խախտումների դեպքում դադարեցնել տվյալ դրույթները այնքնան ժամանակ, քանի դեռ նման խախտումները չեն դադարեցվի”,- մեջբերում է գործակալությունն իր աղբյուրը։
Վերջին ժամանակներս Թունիսում և Եգիպտոսում հեղափոխությունների հետևանքով Եվրամիության երկրները բախվել են փախստականների մեծ հոսքի հետ։ Լիբիայում տիրող իրավիճակի հետ կապված՝ անօրինական ներգաղթը այս երկրից նույնպես մեծացել է։ Ֆրանսիայից բացի նմանատիպ խնդիրների են բախվել նաև ԵՄ անդամ այլ երկրներ։

25.04.2011