Անհավանական հայեր, կամ հայտնիներ, ովքեր չեն բարձրաձայնում իրենց հայկական ծագման մասին

Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է «Ջորջիո Արմանի» նորաձևության տան հիմնադրի հայկական արմատները: Forbes-ը, մասնավորապես, իր հոդվածում հայտնել էր, որ Արմանիի հայրը՝ Ուգո Արմանին, Իտալիայում հաստատվել է փախչելով Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից: Շատերի համար սա անհավանական է թվում, քանի որ աշխարհահռչակ դիզայները երբևէ չի բարձրաձայնել այս մասին: Միգուցե պատճառն այն է, որ 83-ամյա Արմանին ինքնամփոփ է և շատ հազվադեպ է հարցազրույց տալիս, և նրա անձնական կյանքի մասին տեղեկատվություն չկա:

Մյուս անհավանական հայը Մեծ Բրիտանիայի արքայադուստր Դիանան է, թեև նա ընդամենը 1/64 -րդ մասով է հայ: Նշվում է, որ Դիանայի հայ նախնին է Հնդկաստանի Գուջավար քաղաքի հայազգի մեծահարուստ Էլիզա Քևարը: Մի քանի տարի առաջ Արքայադուստր Դիանայի նախնիների տանն անծանոթ լեզվով նամակներ են հայտնաբերվել:  Հետազոտությունները պարզել են, որ նամակները գրված են հայերեն, և որ դրանք գրվել են Էլիզա Քևարի կողմից իր երեխաների և թոռների համար:

Էլիզա Քևարը ամուսնացել է շոտլանդացի Թեոդոր Ֆորբսի հետ: Այս միությունից ծնվել է Քեթլին Սքոթը, ով ամուսնացել  է Ջեյմս Քրոմբիի հետ: Նրանք Ջեյն անունով աղջիկ են լույս աշխարհ բերել, ով ամուսնացել է Դեյվիդ Լիթլջոնի հետ, իսկ նրանց դուստր Ռութն ամուսնացել է Ուիլյամ Գիլի հետ: Ռութ Սիլվիա Գիլը`Լեդի Դիանայի տատիկը, ամուսնացել է Լորդ Ֆերմոյի հետ:  Իսկ նրանց աղջիկ`Ֆրանսիս Ռութ Բուրք Ռոաչն ամուսնացել է Լեդի Դիանայի հոր` Ըրլ Սփենսեր 8-րդի հետ: Ստացվում է, որ Լեդի Դիանայի տատմոր տատը հայ է:

Նշվում է, որ ամենայն հավանականությամբ, Լեդի Դին իմացել է իր հայկական արմատների մասին, սակայն, հաշվի առնելով իր դիրքը, նախընտրել է չհրապարակել այս փաստը:

Շատերը հայկական ծագում են վերագրում նաև բրիտանացի կոմիկ Ռոուեն Աթկինսոնին, ով առավել հայտնի է որպես Միսթեր Բին: Սակայն, ի տարբերություն Ջեորջիո Արմանիի և Լեդի Դիի,այս պնդումներն առավել անհավանական են: Հավանաբար, շատերի մոտ նման տպավորություն ստեղծվել է դերասանի հայկական արտաքինի և միմիկաների պատճառով:

Armedia.am