Պոմպեյի թունավորված ջրի առեղծվածը

Դարեր առաջ Հին Հռոմում կառուցված ջրային համակարգը վկայել է  բարձր զարգացած քաղաքակրթության մասին: Սակայն, միևնույն ժամանակ, այդ ջրատարները թունավորել են այն մարդկանց կյանքը, ովքեր «ապավինել» են նրանց:

Նախկինում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կապարով պատրաստված խողովակներն են վնասակար ազդեցություն թողել մարդկանց առողջության վրա և նույնիսկ նպաստել են հասարակության անկմանը, սակայն Հարավային Դանիայի համալսարանի քիմիկոսների կողմից իրանակացրած նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Պոմպեյ քաղաքի բնակիչներին կարող էր կործանել ոչ թե կապարը, այլև ծարիրի (սուրմա) հսկայական քանակության թունավոր միացությունները, որոնք հայտնաբերվել են ջրատարների ջրի մեջ։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

«Վաղուց համարվում էր, որ հռոմեացիներն իրենք են իրենց թունավորել, օգտագործելով կապարի խողովակներ իրենց ջրատարներում։ Այս ենթադրությունն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ կապարի խողովակները բավականին արագ են պատվում ժանգով, ինչը թույլ չի տալիս, որ կապարը ներթափանցի ջրի մեջ։ Այլ կերպ ասած՝ նման խողովակները թունավոր կարող էին լինել միայն նոր տեղադրված պահին»,- ասել է Հարավային Դանիայի համալսարանի գիտնական Կաարե Ռասմուսենը։

Հռոմեական կայսրության ժամանակ հռոմեացիները չափից շատ կապար են գործածել իրենց առօրյա կյանքում։ Այդ իսկ պատճառով շատ գիտնականներ երկար ժամանակ համարել են, որ հենց կապարն է կայսրության կործանման գլխավոր պատճառը եղել։

Սակայն ուսումնասիրելով Պոմպեյում հայտնաբերված խողովակների նստվածքների ու նյութերի քիմիական կազմը` պարզվել է, որ այդ խողովակները պարունակել են ոչ միայն կապար ու հանքանյութեր, այլև բավականաչափ սուրմա (թունավոր քիմիական մետաղ):

Ռասմուսենի կարծիքով` հին ժամանակներում շինարարները այդ հեշտ ձուլվող մետաղն օգտագործել են խողովակները ամրացնելու համար, ինչն էլ բացատրում է, թե ինչու էին Պոմպեյի բնակիչները դժգոհում առողջական խնդիրներից:

Սուրմայի նույնիսկ փոքր քանակությունը ջրի մեջ կարող է հանգեցնել ծանր հիվանդությունների` աղիների, լյարդի խնդիրների, երիկամների քայքայման և անգամ ինֆարկտի: