Հայաստանի ամենահայտնի ռազմական ամրոցներից մեկը հայ իշխանուհիներին է պատկանել. Աղջկաբերդի պատմությունը

 

Աղջկաբերդը Հայաստանի ամենահայտնի ռազմական ամրոցներից մեկն է: Միջնադարյան ժամանակներում այն անվանել են նաև Կայեն: Գտնվում է Տավուշի մարզում՝ Աղստև գետի հովտում՝ անտառապատ լեռան գագաթին, որը բոլոր կողմերից եզերված է բարձր ժայռերով, միաժամանակ պաշտպանված է արհեստական, բրգավոր պարիսպներով:

Ամրոցը հանդիսացել է գավառի իշխանների նստոցը:  Ամրոցի անվան հետ կապված ժողովրդի հավաքական ընկալման մեջ պահպանվել է մի ինքնատիպ ավանդազրույց: Լենկ Թեմուրը իմանալով, որ այստեղ մի գեղեցիկ աղջիկ է ապրում, ուղարկում է զինվորներին, որ բերեն իր մոտ։ Երեք զինվորներ գալիս, առևանգում են աղջկան։ Մի հովիվ տեսնելով այդ, հետևում է նրանց։ Գիշերը, երբ զինվորները քնում են, հովիվը սպանում է նրանց և աղջկան կրկին հետ բերում։ Իմանալով կատարվածի մասին՝ Լենկ Թեմուրը կատաղած հարձակվում է բերդում ամրացած հայերի վրա։ Մի պառավի մատնությամբ նա կտրում է բերդի ջուրը և նոր միայն պարտության մատնում հայերին։ Տեսնելով այդ՝ աղջիկը պարսպից գետն է նետվում և նրա հիշատակին բերդի անունը կնքում են Աղջկաբերդ:

Հատկանշական է, որ ամրոցի ներսում ավերված բնակարաններից բացի, կան երկու ջրամբար և խաչաձև հատակագիծ ունեցող մի եկեղեցի։ Ջրամբարներից մեկը բավականին մեծ է։ Ջուրը թրծված կավե խողովակով նախ լցվել է մի փոքրիկ ավազանի մեջ, իսկ այնտեղից մի այլ խողովակով թափվել մեծ ջրամբարը։

Ամրոցի բոլոր շինությունները, ինչպես և պարիսպները կառուցված են կապտավուն բազալտից, ամուր կրաշաղախով։ Այս ամրոցի պատմահնագիտական արժեքը շատ մեծ է, քանի որ լավ է պահպանվել նրա ամբողջականությունը։ Ամրոցի և ավերակ բաղնիքի մասին ժողովրդի մեջ մեկ այլ ավանդություն էլ գոյություն ունի։

Ըստ ավանդության` երիտասարդ վայելչագեղ իշխանուհու հետ ցանկանում էին ամուսնանալ բազմաթիվ իշխաններ, բայց նա մերժել է բոլորին։ Երբ ոչ մի կերպ չեն կարողացել համոզել, ցանկացել են ուժով տիրել։ Իշխանուհին, համախմբելով իր ենթակայության տակ գտնվող ուժերին, կառուցել է վերոհիշյալ ամրոցը և պատսպարվել այնտեղ: Առավել համարձակ իշխանները շարունակել են հետամուտ լինել։ Աղջկա համառությունն ու քաջագործություններն ավելի ու ավելի են բոցավառել իշխան Մանթաշի սերը, ուստի և նա աղջկա բերդի դիմաց որոշել է կառուցել Մանթաշաբերդը, և հաճախակի հարձակումներ գործել Աղջկաբերդի վրա:

Օրերից մի օր աղջիկը որոշում է նախահարձակ լինել և հիմնական ուժերը տրամադրում է իր զորավարներից մեկին: Այդ առճակատմանն իշխանուհին չէր մասնակցում, սակայն դա ամենևին չխանգարեց, որպեսզի իր զինվորները տոնեին իրենց հաղթանակը: Մանթաշը հարկադրված հաշտություն է խնդրում: Ըստ ձեռք բերված պայմանավորվածության` կողմերից յուրաքանչյուրը պետք է մնար իր ամրոցում և, որպես բարեկամության նշան, Աղստև գետի ափին (այժմյան Համամի ճալայում) պետք է կառուցվեր բաղնիք, որը հանդիսանալու էր նրանց ժամադրավայրը: