Ադրբեջանում Լատվիայից պահանջում են վերադարձնել«Աղդամ»-ը

Ադրբեջանի և Լատվիայի միջև սկանդալ է հասունանում: Մասնավորապես Ադրբեջանում մեծ վրդովմունք է առաջացրել ալկոհոլի արտադրությամբ զբաղվող լատվիական Latvijas balzams ընկերության կողմից “Agdams” ապրանքանիշով պորտվեյնի արտադրությունը: haqqin.az-ը և ադրբեջացի գինեգործները լատվիական ընկերությանը մեղադրում են հեղինակային իրավունքները խախտելու մեջ: Ադրբեջանցի մասնագետները հիշեցնում են, որ թնդեցված “Agdam” գինու բաղադրությունը մշակվել և արտոնագրվել է ադրբեջանցի տեխնոլոգների կողմից: Այն ԽՍՀՄ շուկայում հայտնվել է դեռ 1947 թվականին և արտադրվել է բացառապես Ադրբեջանական ԽՍՀ-ում:

Latvijas balzams-ում կտրականապես հերքում են ադրբեջանական պորտալի մեղադրանքները: «Agdams պորտվեյնը լատվիացի տեխնոլոգների արտադրանք է», – նշում են ընկերությունում:

Latvijas balzams կոմունիկացիոն տնօրենը պարզաբանել է, որ այդ անունով գինին խորհրդային շրջանում բավականին տարածված էր և արտադրվում էր գինու բացմաթիվ գործարաններում՝ այդ թվում նաև Լատվիայում, սակայն յուրաքանչյուր գործարանի արտադրանքը տարբերվում էր: «Agdams-ը թնդեցված գինի է, որը մենք արտադրում ենք մեր տեխնոլոգների ստեղծած բաղադրատոմոսով: Արտադրությունում կիրառվում են իսպանական գինեգործական նյութեր», – նշել են ընկերությունում՝ ի պատասխան ադրբեջանական պորտալի հարցման: Latvijas balzams-ում նշել են նաև, որ իրենք բրենդի ադրբեջանական սեփականատերերից որևէ բողոք չեն ստացել՝ ընդգծելով, որ իրենց բրենդը կրում է “Agdams” անունը, այլ ոչ թե խորհրդային շրջանում արտադրվող պորտվեյնի “Agdam” անվանումը: 

Ընկերությունում կարծում են, որ այս ամբողջ պատմությունը նման է դատարկ բանից սենսացիա ստեղծելու լրագրողների ցանկության, որն, ի դեպ, հաջողությամբ է պսակվում: haqqin.az-ի հայրենանվեր գործին միացել է Արտոնագրերի և առևտրային նշանների ադրբեջանական կենտրոնը, որն իր բողոքն այս կապակցությամբ հայտնել է լատվիական համապատասխան ստորաբաժանմանը՝ ընդգծելով, որ «Աղդամ» ապրանքանիշը յուրացնելով՝ Latvijas balzams-ը խախտում է միջազգային մի շարք կոնվենցիաներ: Լատվիայի նախկին նախագահ Վալդիս Զատլերսն իր հերթին նշում է, որ չնայած ապրանքանիշն իրականում ադրբեջանական է, սակայն ադրբեջանական կողմին դժվար հաջողվի վերականգնել «արդարությունը», քանի որ ընկերության տերն ամեն գնով կպաշտպանի «իր բրենդը»:

Այսպիսով, ադրբեջանական կողմին դժվարին պայքար է սպասվում «Աղդամը» Լատվիայից հետ վերադարձնելու գործում:

Armedia