Թուրք պատմաբանն արժանացել է «Աշխարհն առանց ցեղասպանության» պատվավոր մրցանակին

Լուսանկարը` Asbarez.com


Թուրք պատմաբան Թաներ Աքչամն արժանացել է «Աշխարհն առանց ցեղասպանության» (World Without Genocide) կազմակերպության պատվավոր մրցանակին, հայտնում է Armenian Weekly-ն:

Նշենք, որ «Աշխարհն առանց ցեղասպանության» կազմակերպության նպատակներից է  պաշտպանել անմեղ մարդկանց, կանխել այլատյացության և նախապաշարմունքի հիման վրա իրականացվող ցեղասպանությունը, աշխատանքներ տանել, որպեսզի հանցանք գործած մարդիկ պատասխանատվության ենթարկվեն դատական կարգով, ինչպես նաև հիշատակել նրանց, ում կյանքն ու մշակույթը ոչնչացվել է:

Կազմակերպության ղեկավար Էլլեն Քենեդին, շնորհավորելով Աքչամին մրցանակի կապակցությամբ, մասնավորապես նշել է. «Մենք երկար ժամանակ է, ինչ հիանում ենք Ձեր խիզախ աշխատանքով, որի նպատակն է փաստել Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ գործած վայրագությունները: Դուք ցեղասպանության վերաբերյալ Ձեր խոսքում  ցուցաբերել եք հետևողական համառություն՝ չնայած թուրք ծայրահեղականների կողմից արված մահվան սպառնալիքներին»:

Նշենք, որ Թաներ Աքչամն այն թուրք գիտնականներից մեկն է, ով ճանաչում և բացահայտորեն քննարկում է Հայոց ցեղասպանությունը։

Մրցանակի պաշտոնական հանձնումը տեղի կունենա 2018 թվականի մայիսին, Մինաապոլիսում անցկացվող ամենամյա գալա համերգի ժամանակ: