ՔՀԿ կայունության ինդեքս 2016

Սեպտեմբերի 29-ին կայացավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ 2016թ. կայունության ինդեքսի ներկայացումը: Հայաստանում այս հետազոտոությունն իրականացվել է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ  աջակցությամբ:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և անհատները Եվրոպայում և Եվրասիայում հետզհետե փորձում են հարմարվել քաղաքացիական հասարակության համար ավելի ու ավելի սահմանափակ միջավայրին՝ նոր ուղիներ գտնելով շահերի պաշտպանության, համայնքների մոբիլիզացման և ֆոնդերի հայթայթման համար: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, նաև  Եվրասիայի 2016թ. ՔՀԿ կայունության ինդեքսի (ՔՀԿԿԻ) արդյունքները, որոնք պատրաստվել են ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից մասնակից յուրաքանչյուր երկրից իր գործընկերների հետ միասին, ցույց են տալիս, որ որոշ երկրներ, ինչպես օրինակ՝ Հունգարիան, Ռուսաստանը, Ադրբեջանը և Մակեդոնիան, վերջին տարիներին հետընթաց են ապրել: Այս հետընթացը ներկայումս վտանգում է ոչ միայն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունությունը, այլ նաև քաղաքացիների հավաքների, միավորումների և արտահայտվելու հիմնարար ազատությունները: Այս տարվա զեկույցում ներառված՝ Մակեդոնիայից մինչև Լեհաստան տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի օրինակները վկայում են, որ հանրային հավաքները շարունակում են մնալ հասարակության խնդիրների վրա հանրության և քաղաքականություն կերտողների ուշադրությունը գրավելու կարևոր միջոց: Տարածաշրջանի բազմաթիվ երկրներում ՔՀԿ-ների կայունությունը հետզհետե ավելի է վտանգվում նրանց ֆինանսավորման նվազման և գործունեության սահմանափակման պատճառով: Միաժամանակ, այս տարվա զեկույցը նաև առաջընթաց է գրանցել նորարարական մոտեցումների կիրառման շնորհիվ ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցման առումով: Կառավարությունների կողմից ՔՀԿ-ների պետական և արտասահմանյան ֆինանսավորման սահմանափակման արդյունքում, որպես այլընտրանքային աղբյուր, կազմակերպություններն ավելի ու ավելի հաճախ են դիմում հանրային դրամահավաքին՝ քրաուդֆանդինգին: Ընդ որում, սոցիալական, շրջակա միջավայրի պաշտպանության և մշակույթային խնդիրները հասցեագրելուց բացի, 2016թ.-ին ՔՀԿ-ները որոշակի հաջողություներ են գրանցել նաև քրաուդֆանդինգի միջոցով մարդու իրավունքների և քաղաքականության ոլորտում գործունեության իրականացման համար: Սակայն որոշ այլ դեպքերում կառավարությունների կողմից սահմանափակումները առավել դժվարացրել են ՔՀԿ-ների գործունեությունը: Օրինակ, ոչ պաշտոնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի ՔՀԿ-ների առնվազն 2/3-ը կասեցրել են իրենց գործունեությունը, իսկ մնացած ՔՀԿ-ները կորցրել են իրեն աշխատակազմի մեծ մասը՝ անբավարար ֆինանսավորման պատճառով:

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ՔՀԿ Կայունության ինդեքսը գնահատում է այդ տարածաշրջանի 24 երկրների շահույթ չհետապնդող ՔՀԿ-ների զարգացման ընթացքը: Այս տարվա զեկույցը ներառում է 2016 թվականի հասարակական զարգացումները: Արդեն 20-րդ տարին է, որ ՔՀԿԿԻ-ն քննում է քաղաքացիական հասարակության ներքին և արտաքին գործոնները և գործունեության կարողությունները, կիզակետում պահելով իրավական դաշտի, կազմակերպչական կարողությունների, ֆինանսական կենսունակության, շահերի պաշտպանության, ծառայությունների մատուցման, ենթակառուցվածքների և հասարակական կարծիքի վրա: Զեկույցը նկարագրում և գնահատում է քաղաքացիական հասարակության զարգացումը յուրաքանչյուր երկրում, ինչպես նաև ամբողջապես տարածաշրջանում:

Ամբողջական զեկույցը կարելի գտնել հետևյալ հղումով` http://www.usaid.gov/europe-eurasia-civil-society :