2017թ. բժշկության նոբելյան մրցանակը շնորհվել է ցիրկադային ռիթմերը կառավարող մոլեկուլյար մեխանիզմների հայտնագործության համար

Լուսանկարը՝ AP

2017 թ. բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակ է շնորհվել ամերիկացի 3 պրոֆեսորների՝ Ջեֆրի Հոլին, Մայքլ Ռոսբաշին և Մայքլ Յանգին՝ շնչավոր էակների ցիրկադային ռիթմերը վերահսկող մոլեկուլյար մեխանիզմների ուսումնասիրության համար: Այս մասին հայտնում է Sputnik News-ը՝ հղում կատարելով Նոբելյան կոմիտեի կայքէջին:

Նշվում է, որ գիտնականներին հաջողվել է ներթափանցել կենսաբանական ժամացույցի ներսը և բացատրել դրանց աշխատանքի մեխանիզմը: Նրանց կատարած ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե կենդանիները, բույսերը և մարդիկ ինչպես են իրենց կենսաբանական ռիթմերը հարմարեցնում ցերեկվա և գիշերվա հերթագայմանը:

Որպես մոդելային օրգանիզմ օգտագործելով մրգերի ճանճերին՝ գիտնականները պարզել են, թե որ գեներն են կառավարում նորմալ ցիրկադային կենսաբանական ռիթմը։ Նրանք ցույց են տվել, որ այդ գենը կոդավորում է սպիտակուցը, որը կուտակվում է բջջի մեջ գիշերվա ընթացքում, իսկ հետո քայքայվում ցերեկվա ընթացքում։

Նշենք, որ «ցիրկադային ռիթմեր» են կոչվում ցերեկվա ու գիշերվա հերթագայության հետ կապված զանազան կենսաբանական պրոցեսների ինտենսիվության ցիկլային տատանումները։