Կնյազ Հասանով. Էրբիլը պետք է Բաղդադի հետ նստի երկխոսության (ԲԱՑԱՌԻԿ)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Կնյազ Հասանովի հետ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Իրաքյան Քրդստանի անկախացման հանրաքվեի վերաբերյալ:
- Պարո՛ն Հասանով, Իրաքյան Քրդստանի անկախացման հանրաքվեին մասնակիցների մեծամասնությունը քվեարկեց կողմ: Ըստ Ձեզ, ո՞րն է լինելու Էրբիլի հաջորդ քայլը: 
- Այո՛, հանրաքվեին մասնակիցների շուրջ 93%-ը կողմ քվեարկեց անկախացմանը: Սա ամբողջ աշխարհում արտառոց մի երևույթ էր: Ըստ նախատեսվածի՝ հաջորդ քայլը պետք է լինի անկախության հռչակումը: Այնուամենայնիվ, տեսնում ենք, թե հարևան երկրներն ինչպես են այն ամենին արձագանքում: Թուրքիան անգամ հայտարարեց, որ զորք կմտցնի: Իրաքյան Քրդստանի անկախացմանը դեմ են արտահայտվել նաև Իրանը, Սիրիան: ԱՄՆ-ը և Ռուսաստանն էլ ասում են, որ կողմ են Իրաքի տարածքային ամբողջականությանը:
Ինձ թվում է, որ Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը պետք է Իրաքի ղեկավարության հետ նստի երկխոսության, չնայած որ պաշտոնական Բաղդադը առայժմ հրաժարվում է այդ երկխոսությունից՝ ասելով, որ Իրաքյան Քրդստանը պետք է Իրաքի իշխանության ներքո մնա՝ նախկին կարգավիճակով:
- Իսկ ինչպե՞ս եք գնահատում ռազմական բախումների հավանակությունը:
- Առաջինը հենց Թուրքիան հայտարարեց ռազմական միջամտության մասին, իսկ Էրբիլն էլ պատասխանեց, որ կսպասեն նրանց և «շատ լավ հետ կվերադարձնեն», ինչը նշանակում է, որ քրդերը դիմադրությունից չեն վախենում: Իսկ իրաքյան իշխանությունները նույնիսկ պատերազմով են սպառնում՝ նշելով, որ կմտնեն Քիրքուք: Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ, թե զարգացումները որ ուղղությամբ կընթանան:
Անկախություն հայտարարել մեկ օրվա մեջ հնարավոր չէ: Անհրաժեշտ են ամիսներ, անգամ կարող է տարի տևել: Մենք հուսով ենք, որ ամեն դեպքում Իրաքյան Քրդստանը կհռչակվի անկախ, և քրդերը կունենան անկախ պետություն:
- Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք հանրաքվեի անցկացումից հետո Հայաստանում քրդական համայնքի և պաշտոնական Էրբիլի օրակարգում կլինեն փոփոխություններ:
- Հայաստանում քրդական համայնքը Էրբիլի հետ պահպանում է իր պաշտոնական հարաբերությունները, պարբերաբար տեղի են ունենում տարբեր հանդիպումներ: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ հանրաքվեից հետո Էրբիլի հետ ունեցած մեր օրակարգում էական փոփոխություններ տեղի կունենան: