ԵԱՀԿ ԽՎ ընթացող նստաշրջանում հայկական պատվիրակները խոսել են փախստականների և կիբերանվտանգության մասին․ Հերմինե Նաղդալյան (ԲԱՑԱՌԻԿ)

Լուսանկարը` ArmLur.am

Անդորրայում այսօր մեկնարկել են ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքները՝ «Անվտանգությունը ԵԱՀԿ տարածքում․ նոր մարտահրավերներ, նոր խնդիրներ» խորագրով։ Նստաշրջանի առաջին օրվա արդյունքների մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հետ։

Այսօր ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Միջերկրածովյան համաժողովը: Որո՞նք են եղել քննարկման գլխավոր թեմաները, և այս գլոբալ օրակարգում ի՞նչ ասելիք ունի Հայաստանը:

 - ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը տեղի է ունենում Անդորրայում, տարբերվում է իր ձևով, քանի որ այս նստաշրջանի ընթացքում փաստաթղթեր չեն ընդունվելու, այլ լինելու են քննարկումներ, լսումներ, ելույթներ տարբեր թեմաներով: Քննարկման են դրվել այն թեմաները, որոնք ԵԱՀԿ-ն այս պաhին համարել է առավել ակտուալ և կարևոր: «Անվտանգությունը ԵԱՀԿ տարածաշրջանում» ընդհանուր անվանում ստացած այս նստաշրջանի առաջին օրը տեղի ունեցավ Միջերկրածովյան համաժողովը:

Այս համաժողովի կարևորությունը նրանում էր, որ քննարկվեցին ԵԱՀԿ տարածաշրջանի համար կարևոր մի շարք թեմաներ, այդ թվում՝ միգրացիոն ճգնաժամը, պայքարն ահաբեկչության դեմ, ազգային և կրոնական փոքրամասնությունների անվտանգության խնդիրները: Այս թեմաներին անդրադարձ եղան նաև հայկական կողմից արված ելույթներում: Այսօր առավոտյան ելույթներով հանդես ենք եկել ես՝ որպես պատվիրակության նախագահ, և պատվիրակության անդամ Կարեն Բեքարյանը:

Անդրադառնալով Եվրոպայի համար այսօր այդքան կարևոր միգրանտների հարցին՝ մենք շեշտեցինք, որ Հայաստանը բնակչության թվի հարաբերակցությամբ՝ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունն է Եվրոպայում: Մենք նշեցինք, որ կազմակերպչական և ֆինանսական առումով փորձել ենք անել առավելագույնը, որպեսզի այն մարդիկ, ովքեր լքել են իրենց տունը և մեր երկրում ապաստան են գտել, կարողանան ինտեգրվել: Մեր գլխավոր շեշտադրումներից էր այն, որ սկսած նատուրալիզացիայի գործընթացից այդ մարդկանց համար ամեն ինչ արվում է հեշտացված ճանապարհով: Մենք նաև ներկայացրինք, որ Սիրիայից Հայաստան եկած հազարավոր երիտասարդներ այսօր կրթություն են ստանում Հայաստանում, օգտվում են առողջապահական մի շարք ծառայություններից, մեր կառավարությունը հատուկ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի կարողանա նրանց ինտեգրել և նրանց համար կյանքի նորմալ պայմաններ ստեղծել:

Փախստականների մեծ ալիք առաջին անգամ չէ, որ ընդունում ենք։ Չէ՞ որ մերժելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը՝ Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ, որի հետևանքով Ադրբեջանից մեծ թվով փախստականներ եկան Հայաստան: Այս հարցին նույնպես այսօր անդրադարձանք՝ նշելով, որ ի տարբերություն մեր հարուստ հարևանի, որը տասնամյակներ շարունակ խեղճ մարդկանց պահում է փախստականների ճամբարներում  և օգտագործում է նրանց իր պրոպագանդայի համար, Հայաստանում այսօր չկան փախստականների ճամբարներ: Մենք վարվել ենք հակառակ կերպ, փորձել ենք մեր սուղ միջոցները դնել այդ մարդկանց կյանքը և կենցաղը կազմակերպելու և նրանց ինտեգրելու համար:

 - Նստաշրջանի առաջին օրը քննարկվել է նաև կիբերանվտանգության հարցը, այս համատեքստում ի՞նչ շեշտադրումներ են արվել հայկական կողմից:

 -  Այո, դա այսօրվա քննարկման երկրորդ թեման էր, որի ժամանակ ևս մեր պատգամավորները շատ ակտիվ էին: Հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ Տիգրան Ուլիխանյանը և շատ համապարփակ ձևով ներկայացրեց այն իրավիճակը, որն այսօր կա. թե ինչպիսին է իրավական դաշտը և թե ինչ իրավական ակտեր ընդունելու կարիք կա: Մեր պատվիրակը նաև նշեց, որ ինֆորմացիոն ոլորտում կիբերանվտանգությունն ուժեղացնելու նպատակով անհրաժեշտ է քայլեր իրականացնեն:

 -  Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում նստաշրջանի առաջին օրվա արդյունքները: 

 -  Մեր գործընկերների ելույթները շատ լավ են ընդունվում: Դրանք բավականին խորքային և համապարփակ են: Վաղը ևս շարունակվելու է աշխատանքը: Մենք ունենք էկոլոգիական անվտանգության վերաբերյալ քննարկումներ, ինչի առնչությամբ ևս մեր պատգամավորները շատ  ակտիվ են հանդես գալու:

Ինչպես գիտեք, պատվիրակությունը նոր է ձևավորվել: Սա ընդամենը երկրորդ նստաշրջանն է, որ նոր կազմով ենք մասնակցում: Իրականացվում են բավականին լուրջ աշխատանքներ նաև քննարկումներից դուրս՝ նոր ծանոթությունների, գործընկերների հետ նոր կապերի հաստատում և հների ամրապնդում:

Այսօր տեղի է ունեցել նաև իմ հանդիպումը ԵԱՀԿ ԽՎ նախագահ տիկին Քրիստին Մուտոնենի հետ, որի ընթացքում քննարկել ենք իր առաջիկա այցը Հայաստան: