ԵՄ-ի վերաբերյալ ընկալումներն Արևելյան գործընկերության երկրներում, ընդհանուր առմամբ, դրական են. զեկույց

Արևելյան գործընկերության վեց երկրներում իրականացրած 2017թ. տարեկան ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիների գրեթե կեսը (44%) դրական պատկերացում ունեն Եվրամիության նկատմամբ, և միայն 13% -ն է, որ ունի բացասական վերաբերմունք: Իսկ քաղաքացիների 61% -ը կարծում է, որ Եվրամիության հետ իրենց երկրի հարաբերությունները լավ են: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են «ԵՄ հարևանություն-Արևելք» ծրագրի կողմից:

Տարեկան ուսումնասիրությունն իրականացվել է Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում,Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում՝ 2017 թվականի ապրիլ – հունիս ամիսներին՝ դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով:

Ընդհանուր առմամբ` հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամբողջ տարածաշրջանում ԵՄ-ի նկատմամբ վստահությունը մնում է (57%): ԵՄ-ի նկատմամբ դրական վերաբերմունքի ամենաբարձր ցուցանիշը  Վրաստանում է, որտեղ քաղաքացիների 59% -ը դրական ընկալում ունի ԵՄ-ի նկատմամբ:

ԵՄ-ի վերաբերյալ հանրային կարծիքը Հայաստանում

Ինչպես 2016 թ-ին, Հայաստանի քաղաքացիների ընկալումները Եվրամիության նկատմամբ, ընդհանուր առմամբ, դրական են կամ առնվազն չեզոք. քաղաքացիների 48% -ը նշում է, որ ԵՄ-ի նկատմամբ շատ կամ բավական դրական կարծիք ունի, իսկ 37% -ը` չեզոք դիրքորոշում:

Ավելին, բացասական վերաբերմունքը նվազել է 2016-ի համեմատ (2016-ին կազմել է 13%, իսկ 2017-ին` 5%):

ԵՄ-ի մասին իրազեկվածություն կամ գաղափար չունեցողները գրեթե նույն մակարդակում են (2016-ին եղել է 7%, 2017 -ին` 10%):

2017թ. ընթացքում յուրաքանչյուր 10 քաղաքացուց ավելի քան 1-ը հաճախակի փնտրում է ԵՄ-ի վերաբերյալ տեղեկատվություն: Փնտրված տեղեկատվության որակի վերաբերյալ 10-ից 8-ը գտնում է, որ այն հասանելի է: 10-ից 7-ը գտնում է, որ այն հեշտ կիրառելի է, համապարփակ, հուսալի և վստահելի:

Քաղաքացիների 66%-ը ԵՄ-ին առնչվող նորությունները փնտրում  է մայրենի լեզվով, 21%-ը՝ ռուսերենով, իսկ 13%-ը՝ անգլերենով:

Զեկույցին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել`  այստեղ: