ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ

Լուսանկարը՝ Armenpress

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայում՝ Ժնևում կայացած հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ համատեղ:

Հայտարարության մեջ ասված է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Իգոր Պոպովի (Ռուսաստանի Դաշնություն), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հոկտեմբերի 16-ին Ժնևում կազմակերպված հանդիպմանը մասնակցել են նաև արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ևս մասնակցել է գագաթնաժողովին: Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն առաջ մղելու և հավելյալ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով: Համանախագահները գոհունակություն են հայտնել երկար դադարից հետո կայացած ուղղակի բանակցությունների առթիվ: Նրանք պատրաստակամ են կողմեի հետ շարունակել միջնորդական աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ: Որպես հաջորդ քայլ՝ համանախագահները մոտ ապագայում աշխատանքային քննարկումներ կանցկացնեն նախարարների հետ»: