Նապոլեոնի նամակը Ռուսաստանի կայսերական արխիվից հասել է Երևանի թանգարան

Լուսանկարը` Sputnik News

Նապոլեոն Բոնապարտի ամենակարևոր ձեռագրերից մեկը՝ հրաժարականի դիմումը, գտնվում է Հայաստանում. այն պահվում է Երևանի Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվում: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:

1814թ-ի մարտի 31-ին Նապոլեոնի դեմ միավորված դաշնակից բանակները Ռուսաստանի կայսր Ալեքսանդր Ա-ի գլխավորությամբ մուտք են գործում Փարիզ: Պարտված Նապոլեոնն առանձնանում է Ֆոնտենբլոյի ամրոցում ու հեռվից հետևում տեղի ունեցող իրադարձություններին:

Ապրիլի 6-ին, դաշնակիցներից ստանալով հրաժարականի պահանջով վերջնագիրը, Բոնապարտն, ամբողջ գիշեր արթուն մնալով իսկ, լուսաբացին ընթերցում է շտապ ու անընթեռնելի ձեռագրով գրված հրաժարականի հակիրճ տեքստն ու ստորագրում այն:

«Նկատի ունենալով, որ դաշնակից տերությունները հայտարարել են, թե կայսրը հանդիսանում է Եվրոպայում խաղաղություն հաստատելու միակ խոչընդոտը, ապա կայսրը, հավատարիմ իր երդմանը, հայտարարում է, որ իր և իր զավակների անունից հրաժարվում է Ֆրանսիայի և Իտալիայի գահերից, և չկա մի զոհաբերություն, անգամ՝ կյանքը, որն ինքը պատրաստ չլինի կատարելու հանուն Ֆրանսիայի»,- գրում է Նապոլեոնը Հայաստանում պահվող ձեռագրում:

Վավերագրին կից արխիվում պահպանվում է նաև ռուսերեն մեքենագիր մի վկայական, որտեղ տրված է նաև փաստաթղթի Հայաստան հասնելու ուղին:

Ըստ ուսումնասիրողների՝ հրաժարականի այս տարբերակը տարիներ շարունակ պահվել է Ռուսաստանի կայսերական արխիվում, ապա այնտեղից անցել է գեներալ Աստաֆիևի ձեռքը: Աստաֆիևների ընտանեկան արխիվից այն վաճառվել է թիֆլիսաբնակ գրասեր իշխան Արգուտինսկուն, ապա՝ երաժշտագետ Վասիլի Կորգանովին:

Կորգանովի մահից հետո նրա փաստաթղթերի հարուստ արխիվը նվիրաբերվել է ազգային գրադարանին, որտեղից էլ Նապոլեոնի նամակն ու մի շարք այլ պատմական փաստաթղթեր փոխանցվել են Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին: