Համաձայն ՀՀ-ԵՄ Համաձայնագրի՝ ատոմակայանի գործունեության հարցը կորոշվի երկխոսության միջոցով

Օրերս Եվրամիության կողմից հրապարակվեց սույն թվականի մարտի 21-ին նախաստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը: Հիշեցնենք, որ համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է սույն թվականի նոյեմբերին:

Ինչպես և ակնկալվում էր, հաշվի առնելով համաձայնագրի կարևորությունը, այն քննարկումների լայն ալիք առաջացրեց: Հատկապես մեծ քննադատությունների առարկա դարձավ Մեծամորի ատոմակայանի հետագա ճակատագրի հետ կապված դրույթը: Նշենք, որ Համաձայնագրի 42-րդ հոդվածի համաձայն, միջուկային անվտանգության մակարդակի բարձրացման, ինչպես նաև ՀՀ առանձնահատկությունների կարևորությունից ելնելով, հիմնվելով Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության և Եվրամիության ստանդարտների վրա,  նախատեսվում է համագործակցություն ապահովության, անվտանգության և թափոնների կառավարման ոլորտներում տեխնոլոգիաների փոխանակման և վերապատրաստման ուղղություններով, ինչպես նաև՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակում ու անվտանգ ապագործարկում:

Անհանգստությունների պատճառը, թերևս Մեծամորի ատոմակայանի հետ կապված այս ձևակերպումն է, որը, սակայն, չպետք է կոնտեքստից դուրս դիտարկել: Նույն ենթակետում նաև նշվում է, որ անհրաժեշտ է ընդունել ճանապարհային քարտեզ կամ գործողությունների պլան՝ հաշվի առնելով նոր հզորությամբ ատոմակայանի փոխարինման անհրաժեշտությունը: Իսկ սա, ինչպես Համաձայնագրում է նշվում, անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը և կայուն զարգացման պայմաններն ապահովելու համար:

Նման ձևակերպումը նշանակում է, որ ատոմակայանի փակման հարցը կդիտարկվի այն նոր հզորությամբ փոխարինելու անհրաժեշտության համատեքստում, հետևաբար նաև՝ հնարավորություններին զուգահեռ: Իսկ ատոմակայանը նոր հզորությամբ փոխարինելու անհրաժեշտությունը՝ թե՛ անվտանգության, թե՛ ծախսային նպատակահարմարության տեսանկյունից հայկական կողմից մշտապես բարձրաձայնվող հարց է եղել, և որպես այդպիսին, նոր մոտեցում չէ: Պարզապես սույն համաձայնագրով այդ գործընթացում Եվրամիությունը կօժանդակի ՀՀ-ին՝ ապահովելով վերջինիս անմիջական մասնակցությունն ու թելադրանքը՝ որպես պայմանգրի լիիրավ կողմ:

Բացի այդ, համաձայնագրի 43-րդ Հոդվածով նշվում է, որ ատոմակայանի[1] հետ կապված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն, ինչը ևս մեկ պատճառ  է ատոմակայանի հետ կապված անհանգստությունները փարատելու համար:

 


[1] Գլուխ 2՝ «Էներգետիկ համագործակցությունը՝ ներառյալ միջուկային անվտանգությունը», էջ 48-50

Լիլիա Ամիրխանյան