Նոր Կալեդոնիա. աշխարհի քարտեզին կհայտնվի՞ նոր պետություն

 Լուսանկարը՝ Shutterstock

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում կայացած հանրաքվեն (չնայած արդյունքներին) չհանգեցրեց Իսպանիայից անկախացման, սակայն այն դարձավ ինքնորոշման տրամադրությունների ակտիվացման նոր խթան: Կատալոնիայի հանրաքվեից հետո ինքնավարության ընդլայնման մասին հանրաքվեներ կազմակերպվեցին նախ Իտալիայի Լոմբարդիա և Վենետո շրջաններում, ապա գլուխ բարձրացրեց նաև Ֆրանսիայի ենթակայության տակ գտնվող Նոր Կալեդոնիան: Ընդ որում, ի տարբերություն Իսպանիայի, Ֆրանսիայի կառավարությունը և ֆրանսիական տարածք համարվող Նոր Կալեդոնիայի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն արդեն համաձայնության են եկել անկախության մասին հանրաքվե անցկացնելու հարցի շուրջ:

Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը նշել է, որ համաձայնություն է ձեռք բերվել 2018 թվականի նոյեմբերին հանրաքվե անցկացնելու համար «սկզբունքային հարցերի» շուրջ: Նա շեշտել է, որ կողմերի միջև փոխվստահություն է ստեղծվել, սակայն դեռ շատ աշխատանք կա:

Հարկ է նշել, որ Նոր Կալեդոնիայի կուսակցությունների ներկայացուցիչներին հաջողվել է Փարիզի հետ պայմանավորվածություն ձեռք բերել նաև ընտրացուցակներում ևս 11 հազար հոգու ներառելու հարցի շուրջ: Ըստ առկա տվյալների՝ հանրաքվեին կարող է մասնակցել Նոր Կալեդոնիայի 158 հազար բնակիչ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև ապակենտրոնացված ընտրատեղամասերի աշխատանքների կազմակերպման, դրանց ֆինանսավորման և դիտորդների աշխատանքների հետ կապված հարցեր:  

Սպասվում է, որ վարչապետ Էդուարդ Ֆիլիպը կմեկնի Նոր Կալեդոնիա նոյեմբերի վերջին, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը նախատեսվում է 2018 թվականի մայիսին:

Ի դեպ, սա Նոր Կալեդոնիայում առաջին հանրաքվեն չի լինելու: 1980-ական թվականներին տեղի ունեցած անկարգությունների արդյունքում 1988 թվականին Փարիզը համաձայնվեց հաստատել տասնամյա անցումային շրջան, որի ավարտին Նոր Կալեդոնիայում պետք է տեղի ունենար անկախության մասին հանարքվե: 1998 թվականին հանրաքվեն կայացավ, սակայն  քվեարկողների մեծ մասը դեմ արտահայտվեց Ֆրանսիայից անկախացմանը: Եվ դա, թերևս, պատահական չէր, քանի որ Ֆրանսիայի ենթակայության տակ գտնվող շրջանը Եվրոպայի հետ կապված է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական սերտ կապերով: Չնայած այդ հանրաքվեի արդյունքներին՝ որոշում կայացվեց, որ շրջանն իրավունք ունի ևս մեկ հանրաքվե անցակցնել 15-20 տարի անց:

Թեպետ Նոր Կալեդոնիան կարևոր ռազմավարական նշանակություն ունի Ֆրանսիայի համար, այնտեղ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Ֆրանսիայի կողմից տրված համաձայնությունը պատահական չէ: Եվ չնայած առայժմ բարդ է կանխատեսել հանրաքվեի արդյունքները, մի բան պարզ է. եթե նույնիսկ հաջորդ տարի կայանալիք հանրաքվեի ընթացքում ընտրողների մեծամասնությունը կողմ քվեարկի անկախությանը, շրջանը հարաբերությունները չի խզի Փարիզի հետ:

Ի դեպ, Ֆրանսիայի ենթակայության տակ գտնվող շրջաններից անկախության ձգտում է ոչ միայն Նոր Կալեդոնիան, այլ նաև ֆրանսիական Պոլինեզիան: Ինչևէ, Փարիզում գիտակցում են, որ այս ամենը դժվար թե դոմինոյի էֆեկտ ունենա՝ տարածվելով իր ենթակայության տակ գտնվող մյուս շրջանների վրա, քանի որ յուրաքանչյուր շրջան իր առանձնահատուկ հարաբերություններն ունի Փարիզի հետ: Բացի այդ, անկախության ձգտում դրսևորող և քիչ թե շատ ինքնավարություն ունեցող յուրաքանչյուր շրջան իրանակում ձգտում է իրավունքների և ֆինանսական աջակցության ընդլայնման, քանի որ անկախանալով Ֆրանսիայից՝ նրանք կհեռանան նաև ԵՄ-ից այն նույն սկզբունքներով, որոնք հայտարարվում էին Կատալոնիայի պարագայում: 

Տեղեկանք 

Նոր Կալեդոնիան Ֆրանսիայի հատուկ վարչատարածքային միավորում է, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում՝ համանուն կղզու վրա: Նոր Կալեդոնիայի բնակչության թիվը կազմում է 245 հազար, հիմնականում՝ մելանեզիացիներ և ֆրանսիացիներ: Մեկ շնչին ընկնող տարեկան ՀՆԱ-ն կազմում է 38.921 դոլար (2013թ):

Ֆրանսիան Նոր Կալեդոնիան հայտարարել է իր տարածք 1853 թվականին: 1946 թվականին այն ստացավ անդրծովյան տարածքի կարգավիճակ:

1986 թվականին ՄԱԿ Ապագաղութացման կոմիտեն Նոր Կալեդոնիան ներառել է «Չինքնակառավարվող տարածքների ՄԱԿ-ի ցանկ»-ում:

1988 թվականին Մատինյոնյան համաձայնագրերով Նոր Կալեդոնիան ստացավ հատուկ կարգավիճակ: Ըստ համաձայնագրերի՝ Ֆրանսիան ինքնակառավարման կարևոր գործառույթներ աստիճանաբար պետք է փոխանցեր տեղական իշխանություններին: Ներկայումս Ֆրանսիան կարգավորում է արտաքին և ներքին պաշտպանությանը, ինչպես նաև դրամի թողարկմանն առնչվող հարցերը:  Ֆրանսիական ընկերություններն տեղի հանքավայրերից ստանում են ոսկի, նիկել, կոբալտ, երկաթ և այլ մետաղներ:

Armedia.am