Ինչպես՞ է Արամ Խաչատրյանի երաժշտությունն օգնել ուսանողուհուն գերազանց հանձնել քննությունը

Sundial.csun.edu հեղինակավոր ամերիկյան պորտալում հայտնվել է ամերիկահայ Էլեն Բեզիկյանի հոդվածը, որում նա պատմում է այն մասին, թե ինչպես են Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի կոմպոզիցիաներն օգնել նրան գերազանց հանձնել «մարդաբանություն» առարկայի քննությունը։

Հոդվածում նա պատմում է, որ դասական երաժշտությունն ամբողջ կյանքում «ձանձրալի և քնեցնող է» համարել, սակայն ամեն ինչ փոխվել է այն ժամանակ, երբ նա պատրաստվելիս է եղել քննության:

«Դասական երաժշտությունը ես հասկացա միայն վերջին կուրսում, երբ պետք է պատրաստվեի լուրջ քննությանը»,- նշում է աղջիկը։

Էլենն ասում է, որ ապրել չի կարող առանց երաժշտության և լսում է այն ամեն օր ու ամեն պահի:

«Սակայն երբեք դա չեմ արել, երբ աշխատելիս եմ եղել որևէ առաջադրանքի վրա։ Հիմնականում, ես նախընտրում եմ ռեփ, հիփ–հոփ, R&B, լատինամերիկյան ոճերը, ինչպես նաև 90-ականների և 2000-ականների սկզբի հիթերը, սակայն երբեք չէի լսում դասական երաժշտություն»,- խոստովանում է նա։

Տարրական դասարանում ուսուցչուհին մի անգամ ասել է Էլենին, որ դասական երաժշտությունը հիանալի օգնում է ուղեղի աշխատանքին, ինչպես նաև ներգործում նյարդային համակարգի վրա, սակայն աղջկա համար այն միշտ թվացել է ձանձրալի և քնեցնող:

«Սակայն դա այնքան ժամանակ, մինչև դասական երաժշտությունը «չփրկեց» ինձ: «Մարդաբանություն» առարկայից քննություն հանձնելու նախօրեին էր։ Չեի կարողանում կենտրոնանալ առարկայի վրա: Ես շատ անհանգիստ էի և գերակտիվ, ոչ մի կերպ չէր ստացվում հանդարտվել։ Սիրտս անչափ արագ էր բաբախում, իսկ մտքերս այնքան արագ էին պտտվում ուղեղումս, որ մի վայրկյան նույնիսկ թուլանալ չէի կարողանում։ Այո, ես սիրում եմ երաժշտություն, սակայն երգի բառերը խանգարում են ինձ ուսման ժամանակ…Այդ ժամանակ ծնողներս խորհուրդ տվեցին դասական երաժշտություն լսել նյարդերս թուլացնելու համար։ Քանի որ սիրում եմ իմ հայկական մշակույթը, նրանք խորհուրդ տվեցին ինձ լսել հայտնի հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Սկզբում ինձ թվում էր, որ նրա երաժշտությունը ոչ մի բանով չի տարբերվելու մյուս դասական ստեղծագործություններից, սակայն ես սխալվում էի»,- ասում է աղջիկը։

Աղջիկը Խաչատրյանի ստեղծագործությունները փնտրեց YouTube-ում և սկսեց լսել «Գայանե» բալետը:

«Բալետը պատմում է Գայանե անունով հայ աղջկա մասին. ողջ պատմությունը զարգանում է սիրային եռանկյունու շուրջ։ Ժողովրդական երաժշտության հզոր ազդեցությունը զգացվում է ստեղծագործության յուրաքանչյուր կոմպոզիցիայում։ Հենց դա էր, որ ինձ այդքան գրավեց։ Նրա՝ հայկական երաժշտական գործիքներով վերարտադրված երաժշտությունները շատ թանկ են սրտիս և մի շարք հուշեր են արթնացնում։ Այդպիսով, ես անընդհատ լսում էի Խաչատրյանի ստեղծագործությունները քննությանս նախապատրաստվելիս։ Այդ ընթացքում զգացի, որ ավելի լավ էի ընկալում ընթերցածս: Մի քանի շաբաթ անց ինձ ասացին գնահատականս` գերազանց էի ստացել։ Չգիտեմ՝ արդյո՞ք դա պլացեբոյի էֆեկտ էր կամ երաժշտություն լսելու հասարակ արդյունք, սակայն այն աշխատեց»,- հայտնում է Էլենը։

Այդ օրվանից սկսած պարապելիս նա միշտ լսում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

«Դրանք, իսկապես, հանգստացնում են ինձ և օգնում հավաքել մտքերս։ Կարող եմ անկեղծ խոստովանել, որ այն օգնում է հանգստացնել նյարդերս և հոգեբանական վիճակս»,- նշում է Էլենը:

Միևնույն ժամանակ, նա նաև նշում է, որ ոչ բոլոր դասական ստեղծագործություններն են միանման: