Ինչպե՞ս հայերը ազատագրեցին Երուսաղեմը

1916 թվականի հոկտեմբերի 27-ին` Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Մարկ Սայքսի (Անգլիա), Ժորժ Պիկոյի (Ֆրանսիա) և Հայ Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարի միջև Լոնդոնում կնքված համաձայնագրի հիման վրա ստեղծվեց Արևելյան լեգիոնը կամ Հայկական լեգեոնը, որը ֆրանսիական զորքերի կազմում պետք է մասնակցեր Թուրքիայի դեմ պատերազմական գործողություններին` սիրիա–պաղեստինյան ռազմաճակատում:

1917 թ. նոյեմբերի 17-ին Բար-Շաբայից շարժվելով դեպի Երուսաղեմ, հայ լեգեոներները 1917-ի դեկտեմբերի 9-ին թուրքերին դուրս շպրտեցին Երուսաղեմից: Առավել աչքի ընկած լեգեոնականները պարգևատրվեցին, իսկ Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական եկեղեցում ժամերգություն տեղի ունեցավ ի հիշատակ զոհված ռազմիկների:

1918 թ. սեպտեմբերի 19-ին հայկական լեգեոնը պատերազմական գործողությունների մասնակցեց նաև Պաղեստինի ճակատում: ճիշտ նշանակված ժամանակին սկսվեց անգլո-ֆրանսիական զորքերի, այդ թվում՝ Արևելյան կամ Հայկական լեգեոնի վճռական հարձակումը Պաղեստինյան ճակատում:

Հայ լեգեոնականները հարձակման անցան Արարա լեռան բարձունքների ուղղությամբ՝ Երուսաղեմ և Նաբլուս քաղաքների միջև ընկած ռազմավարական կարևոր շրջանում։ Յոթ ժամ տևած կատաղի մարտերում, որոնք հաճախակի վեր էին ածվում դաժան սվինամարտի, ի վերջո հաղթանակ տարան հայ քաջորդիները։ Նրանք թուրքերին ցած շպրտեցին Արարայի բարձունքներից, գրավեցին թշնամու պաշտպանության առաջին գիծը և ամրապնդվեցին այնտեղ։ Չնայած հակառակորդի հրետանային և հրաձգային մշտական կրակին` հայկական գումարտակները հասան թշնամու դիրքերին, փախուստի մատնեցին նրան և տիրացան բարձունքներին՝ կատարելով դրված մարտական առաջադրանքը:

Մարտերի ընթացքում զոհվել է 22 և վիրավորվել ավելի քան 70 հայորդի:

Ռազմավարական մեծ նշանակություն ունեցող բարձունքների գրավումը կարևոր հաղթանակ էր անգլո-ֆրանսիական զորքերի համար: Հայ զինվորների խիզախությունն ու հերոսությունը բարձր գնահատականի արժանացավ երկու բանակի հրամանատարության կողմից: Նրանցից շատերը պարգևատրվեցին ֆրանսիական և բրիտանական շքանշաններով:Իսկ ճակատամարտի վայրում, ի հիշատակ զոհված հայ լեգեոներների, հուշարձան կառուցվեց: Բարձր գնահատելով հայ լեգեոնականների դերը այդ հաղթանակում՝ անգլիացի զորավար Ալենբին 1918 թ. հոկտեմբերի 12֊-ին Հայ ազգային պատվիրակությանն ուղարկած հեռագրում նշել է. «Հպարտ եմ իմ հրամանատարության տակ հայկական զորամաս ունենալու համար։ Նրանք կռվեցին փայլուն կերպով և մեծ բաժին ունեցան հաղթանակում… Նրանց հավատարմությունն ու քաջությունը կասկածից դուրս են»:

Allinnet.info