10 միֆ «Արևելյան գործընկերության» մասին

 

Եվրոպական արտաքին գործերի ծառայությունը մշակել է ԱլԳ-ի մասին շրջանառվող միֆերի վերաբերյալ տվյալների բազա: «Միֆեր Արևելյան գործընկերության մասին» վերնագրով փաստաթուղթը թվարկում է այն 10 տիպիկ սխալ պատկերացումները, որոնք հաճախ են բարձրաձայնվում որոշ լրատվամիջոցների և կազմակերպությունների կողմից:

Նշենք, որ Արևելյան գործընկերությունը մեկնարկել է 2009 թ.-ին և նպատակ է հետապնդում նպաստել ԵՄ-ի և նրա Արևելյան գործընկերության 6 երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) միջև քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրմանը: Ստորև ներկայացնում ենք այն 10 սխալ պատկերացումները, որոնք հաճախ են շրջանառվում այս կամ այն անհատների կամ կազմակերպությունների կողմից:

1. Միֆ. Արևելյան գործընկերությանն ադամակցելն ինքնին հանգեցնում է ԵՄ անդամակցությանը

Սխալ է. «Արևելյան գործընկերության» ձևաչափը ԵՄ անդամակցության գործընթաց չէ: Այն նպատակ է հետապնդում ստեղծել ժողովրդավարության, բարգավաճման, կայունության և համագործակցության խորացման ընդհանուր ուղիներ:  Արևելյան գործընկերությունը Եվրամիության անդամ պետությունների, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար ընդգրկուն շրջանակ է ապահովում` համագործակցելու տարբեր ոլորտներում:

2. Միֆ.«Արևելյան գործընկերության» ձևաչափը ստեղծվել է ԵՄ կողմից` ընդդեմ Ռուսաստանի

Սխալ է. Արևելյան գործընկերությունը հանդես չի գալիս որևէ երկրի դեմ. այն փոխշահավետ և կառուցողական հարթակ է տարածաշրջանի երկրների համար՝ ԵՄ-ի հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու նպատակով:

3. Միֆ. «Արևելյան գործընկերությունը» հանգեցնում է ապակայունացման կամ ռեժիմի փոփոխության

 Սխալ է. «Արևելյան գործընկերության» փոփոխական օրակարգը նպատակ ունի դրական փոփոխություններ մտցնել Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիների կյանքում:  ԵՄ-ն իր գործընկեր երկրներին որևէ գործողություն կամ ծրագիր չի պարտադրում:

4. Միֆ. «Արևելյան գործընկերության» օրակարգը պարտադրվում է գործընկերներին՝ իրենց կամքին հակառակ

Սխալ է. Արևելյան գործընկերությունը Եվրամիության և վեց գործընկեր երկրների համատեղ նախաձեռնությունն է: ԵՄ-ն բարեփոխման ոչ մի օրակարգ կամ արժեք չի պարտադրում գործընկեր երկրներին, այլ ընդհակառակը, գործընկեր երկրներն իրենք են ընտրում, թե ինչպես համապատասխանեցնեն իրենց գործողությունները ԵՄ չափանիշներին:

5. Միֆ. Եվրամիության փողերը «կորչում են» կոռուպցիայի պատճառով

Սխալ է. Եվրամիությանը պատկանող միջոցները մշտապես ենթարկվում են մշտադիտարկման և հաշվետվությունների ներկայացման ընթացակարգերի: Ավելին, ԵՄ-ի առաջնահերթություններից մեկը հենց կոռուպցիայի դեմ պայքարն է հանդիսանում:

6. Միֆ.  «Արևելյան գործընկերությունը» թույլ է տվել  այդ երկրներից զանգվածային միգրացիոն հոսք տեղի ունենա դեպի ԵՄ երկրներ

Սխալ է.  Եվրամիությունը համաձայնագիր է կնքել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ, որով տվյալ պետությունների քաղաքացիները, իրավունք են ստացել մուտք գործել Շենգենյան տարածք  առանց մուտքի արտոնագրի, և այնտեղ գտնվել 90 օր 180-օրյա ժամանակահատվածում: Վիզաների դյուրացման համաձայնագրեր գործում են նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ, որոնց դեպքում վիզաների առկայությունը դեռևս պարտադիր է, սակայն  նրանց քաղաքացիները կարողանում են Շենգենյան տարածք մուտք գործել առանց դժվարությունների:

7. Միֆ. Ազատ առևտուրը ԵՄ շուկայում հանգեցնում է գործընկեր երկրների միջև անբարեխիղճ մրցակցության և ավելի էժան աշխատուժի

Սխալ է.  ԵՄ-ն գործընկեր երկրների հետ փոխշահավետ առևտրային հարաբերություններ է հաստատել: Արևելյան գործընկերության երկրները նոր շուկաներ և սպառողներ են առաջարկում եվրոպական ընկերություններին:

8. Միֆ.  Արևելյան գործընկերության միջոցով ԵՄ-ն համագործակցում է ղեկավարների հետ, որոնք չեն հարգում ժողովրդավարությունը կամ մարդու իրավունքները

Սխալ է. Եվրոպական միությունը ստեղծվել է ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգման սկզբունքների հիման վրա: Այն տվյալ արժեքների պաշտպանն է ինչպես Եվրամիության շրջանակներում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

9. Միֆ.« Արևելյան գործընկերությանն» անդամակցելը նշանակում է, որ տվյալ երկրները չեն կարող լինել Եվրասիական տնտեսական միության անդամ

Սխալ է. «Արևելյան գործընկերության» անդամ դառնալը խոչընդոտներ չի ստեղծում Եվրասիական տնտեսական միության անդամակցության համար: Հայաստանն ու Բելառուսը, օրինակ, անդամակցում են երկուսին էլ: ԵՄ-ն տարածաշրջանային ինտեգրման կողմնակից է աշխարհի բոլոր բնագավառներում:

10. Միֆ.ԵՄ քաղաքացիները չեն օգտվում «Արևելյան գործընկերության» ընձեռած հնարավորություններից

Սխալ է. ԵՄ հարևանությամբ գտնվող կայուն, ապահով և բարգավաճող երկրները կարևոր են ԵՄ-ի սեփական կայունության, անվտանգության, բարգավաճման համար և բխում են անմիջապես ԵՄ քաղաքացիների շահերից: