
Հայաստանի ու Եվրամիության միջև համաձայնագրի կնքումը բազմաթիվ հնարավորություններ է բացում մեր երկրի համար
Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպվել են խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» խորագրով։ Լսումների ընթացքում ելույթով հանդես է եկել նաև «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ վարչության անդամ Աննա Կարապետյանը։
Ելույթի տեքստը ներկայացվում է ստորև.
«Եվրաինտեգրումը մշտապես եղել է ՀՀ Արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը։ Հայաստանի ու Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերութան համաձայնագրի կնքումը կարևոր քայլ էր, որը մեր երկրի համար բացում է բազմաթիվ հնարավորություններ:
Ամենից զատ, սա նաև հռչակված «և-և»-ի քաղաքականության լիարժեք և համապարփակ կյանքի կոչման կարևոր հանգրվան է: Անդամակցելով ԵԱՏՄ-ին՝ Հայաստանն իրականացրել էր միայն մեկ և-ը, իսկ նոյեմբերի 24-ին ֆորմալ ամրագրվեց նաև մյուս և-ի կյանքի կոչումը: Կարելի է ասել, Հայաստանն առաջինը և դեռ միակն է Արևելյան գործընկերության երկրներից, որը գնացել է ոչ թե երկու ինտեգրացիոն գործընթացների միջև ընտրություն կատարելու, դրանք բախման մեջ դնելու, այլ համատեղելու և համադրելու սկզբունքով: Եվ հաջողել է… նախադեպ ստեղծելով նաև մյուսների համար:
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն համաձայնագրի ստորագրման օրն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով համաձայնագրի ստորագրումը և գնահատելով այն, որպես «և-և»-ի քաղաքականության կարևոր հանգրվան և երկու կողմերի դրսևորած բարձր քաղաքական կամքի արդյունք:
Համաձայնագրի ստորագրումը Հայաստանի համար մի քանի կարևորություն ունի`
- այն Եվրամիության և ԵՄ անդամ երկրների հետ տարբեր այդ թվում՝ տնտեսական, ոլորտում համագործակցության զարգացման ու խորացման հնարավորություն է ստեղծում,
- խթանում է ՀՀ-ում մարդու իրավունքների, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում բարեփոխումները,
- և ընդհանուր առմամբ, մեծացնում է տարածաշրջանում Հայաստանի քաղաքական կշիռը:
Այս համաձայնագրի կնքումը ցույց տվեց, որ ԵԱՏՄ անդամ երկիրը կարող է ԵՄ հետ ունենալ քաղաքական երկխոսության բարձր մակարդակ և համագործակցության ընլայնման և խորացման շուրջ համաձայնագիր կնքել։ Իսկ դա նշանակում է, որ ԵՄ ու ԵԱՏՄ-ն կարող են երկխոսության եզրեր ունենալ՝ համապատասխան քաղաքական կամքի առկայության պարագայում: Եվ Հայաստանը, որպես այդ գործընթացի առաջին քայլերն անող երկիր, իր բավական մեծ ներդրումն է կատարում առկա աշխարհաքաղաքական լարվածության թուլացումից հետո երկու ինտեգրացիոն միավորների կամրջման հիմքերը ստեղծելու գործում:
Համաձայնագիրն ամուր իրավական հիմք է ապահովում ԵՄ հետ, այդ թվում՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություն հանդիսացող հարցերում համագործակցության համար: Բայց դա միայն հիմքն է, իսկ իրական արդյունքների հասնելու համար հարկավոր է հետևողական և մեծ աշխատանք կատարել։
Ուստի որո՞նք պետք է լինեն մեր քայլերը:
- Անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամանակում կազմակերպել համաձայնագրի վավերացման գործընթացը ՀՀ ԱԺ-ի կողմից և ջանքեր գործադրել ԵՄ ազգային խորհրդարանների կողմից դրա վավերացման գործընթացն արագացնելու ուղղությամբ:
- Եվրոպական խորհրդարանական տարբեր կազմակերպություններում՝ հատկապես Եվրանեսթում, կարևոր է բարձրաձայնել համագործակցության հարթակների ՀՀ-ԵՄ համաձայնագրի կնքումից բխող վերանայման, դրանց մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։ Այդ թվում՝ նախաձեռնել խորհրդարանական առանձին հարթակի ձևավորում Եվրանեսթ ԽՎ-ի ներքո։
- Նաև կարևոր է միջազգային ընկալումներում ՀՀ կամրջող դերակատարման ամրագրումը։ Ուստի, Երևանում կարող է կազմակերպվել պայմանական անվանումով «և-և»-ի համաժողով՝ հնարավորության դեպքում ապահովելով բարձր մակարդակի ներկայացվածություն թե՛ ԵԱՏՄ երկրներից, թե՛ ԵՄ անդամ երկրներից: Կարող է դիտարկվել նաև խորհրդարանական ձևաչափով համաժողովի անցկացման հնարավորությունը: Համաժողովի նպատակը կլինի քննարկել Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականության մոդելի ռացիոնալությունը և ինտեգրացիոն գործընթացների արդյունքում ստեղծված հնարավորությունները»: