Հայտնի ամերիկացի գրող Մարկ Տվենը` հայերի մասին, Զմյուռնիա կատարած իր այցելությունից հետո

Լուսանկարը` Pinterest

Հայտնի ամերիկացի գրող Մարկ Տվենն  իր` «Պարզամիտ մարդիկ արտասահմանում» ճամփորդական գրքում պատմել է Թուրքիայում գտնվելու ժամանակ իր ունեցած տպավորությունների մասին: Դրանք ներառում են նաև հայերին նվիրված որոշ պարբերություններ, որոնք ներկայացնում ենք ստորև.

«Զմյուռնիան այժմ ծաղկում է… Հիմնականում քաղաքը անբաժանելիորեն պատկանում է թուրքերին, հրեաներն ապրում են իրենց  համար հատկացված տարածքում, Ֆրանկներն` իրենց սեփական տարածքում: Հայերի դեպքում նույնպես  այդպես է: Վերջիններս, իհարկե, քրիստոնյա են:

Նրանց տները մեծ են, մաքուր և ընդարձակ, հատակները պատած սև ու սպիտակ գեղեցիկ մարմարե սալիկներով, տներից շատերում կան ներքին բակեր` հրաշալի ծաղկանոցներով և արևին կայծկլտացող շատրվաններով: Բոլոր սենյակների դռները տանում են դեպի այդ հիանալի վայրը:

Ընդարձակ դաշտը տանում է դեպի շքամուտք, որտեղ և կանայք անց են կացնում գրեթե ամբողջ օրը: Երբ ցերեկվա շոգը անցնում է նրանք հագնում են իրենց ամենալավ զգեստները և բակ դուրս գալիս: Նրանք` բոլորն էլ լավիկն են, անբնական մաքուր, կոկիկ, այնպիսի տեսք ունեն, ասես նրանց հենց նոր են հանել տուփերից:

Երիտասարդ կանանցից ոմանք, նույնիսկ կասեի` շատերը, զարմանալի գեղեցիկ են: Որպես կանոն, նրանք փոքր-ինչ ավելի գեղեցիկ են, քան ամերիկուհիները.թող ներեն ինձ այս հակահայրենասիրական գովասանքի համար»:

Հատկանշական են նաև 1861թ.-ին Դամասկոսի քրիստոնյաների կոտորածի վերաբերյալ հատվածները.

«…Այնուհետև այցելեցինք Մուհամմեդի երեխաների և Սուրբ Գեորգի գերեզմանները: Մենք հասել էինք մի քարայրի: Այնուհետև մեզ ցույց տվեցին 1861 թվականին Դամասկոսում թուրքերի կողմից սպանված հինգ հազար քրիստոնյաների հիշատակին կանգնեցրած դամբարանը:

Ոմանք ասում են, որ քաղաքի նեղ փողոցները մի քանի օրվա ընթացքում արյան մեջ են թաթախվել: Տղամարդիկ, կանայք և երեխաներ անխտրաբար սպանվել են, և հարյուրավոր դիակներ են ընկած եղել ողջ քրիստոնեական թաղամասում: Ոմանց հաջողվել է փախչել քաղաքից: Ինչ վերաբերում է մնացածներին, ապա մահմեդականները չեն ցանկացել կեղտոտել իրենց ձեռքերը`թաղելով «անհավատ շներին»:

Դամասկոսում, ինչպես նաև ամբողջ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների նկատմամբ  ատելությունը շատ է: Նրանք կստանան իրենց հասանելիք պատիժը, երբ Ռուսաստանն իր թնդանոթները ուղղի նրանց դեմ…»:

Alinnet.info