Գերմանիայում առաջարկում են «Եվրոպայի Միացյալ Նահանգներ» ստեղծել

Լուսանկարը՝ Pinterest

Գերմանիայի սոցիալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը կոչ է արել խորացնել եվրոպական ինտեգրացումը և մինչև 2025 թվականը ստեղծել «Եվրոպայի Միացյալ Նահանգներ», հայտնում է Politico.eu-ն:

«Անհրաժեշտ է եվրոպական սահմանադրական համաձայնագիր, որը կստեղծի դաշնային Եվրոպա», – հայտարարել է Շուլցը:

Նրա խոսքով, նման սահմանադրական պայմանագրի մշակման գործընթացին պետք է ներգրավվեն մայրցամաքի բոլոր քաղաքացիները: Մշակվելուն պես, այն «կներկայացվի անդամ պետություններին, և նրանք, ովքեր դեմ կլինեն այդ առաջարկին, կարող են պարզապես լքել ԵՄ-ն»:

Euobserver-ի փոխանցմամբ՝ Շուլցը կարծիք է հայտնել, որ միայն ամրապնդված միությունը կկարողանա դիմակայել Գերմանիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում և Նիդեռլանդներում ուժեղացող աջ ազգայնականների շարժմանը: