Հայ-ամերիկյան թանգարանը կկառուցվի Գլենդելի կենտրոնական այգում. քաղաքային խորհուրդը հաստատել է նախագիծը

Ամերիկյան Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանը քաղաքի Կենտրոնական այգու տարածքում կառուցելու նախագիծը: Այս մասին հայտնում է «Asbarez»-ը:

Նշվում է, որ ապագա թանգարանի նախագիծը մշակվել է Գլենդելի քաղաքապետարանի և SWA դիզայներական ընկերություն համագործակցության շրջանակում:

«Միայն պատկերացրեք, թե ինչ ենք կառուցելու ապագա Գլենդելի համար: Սա մի հրաշալի նախագիծ է լինելու բոլորիս համար: Այն հարատև ժառանգություն կլինի»,-հայտնել է Հայ-ամերիկյան թանգարանի ճարտարապետ Արամ Ալաջաջյանը:

Շինարարական աշխատանքները մեկնարկելու են 2018 թվականի հունվարին: Այն կներառի ցուցասրահներ, ուսուցողական և հետազոտական կենտրոններ, թատրոն, դասասենյակներ, ինչպես նաև արխիվային տարածք: Թանգարանի նպատակն է ներկայացնել ամերիկահայերի փորձն ու ԱՄՆ ազգային և մշակութային բազմազանությունը: