Պուտինի մերձավորարևելյան «բլից» շրջագայության հիմնական արդյունքները

 

 Լուսանկարը՝ GETTY IMAGES

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերձավորարևելյան «բլից» շրջագայություն ունեցավ, որի շրջանակներում այցելել նախ Սիրիա, ապա՝ Եգիպտոս և Թուրքիա:

Սիրիա այցի շրջանակներում ՌԴ նախագահն այցելել է Հմեյմիմի ռուսական ավիաբազա, որտեղ հայտարարել է Սիրիայից ռուսական զորախմբի զգալի մասի դուրսբերման մեկնարկի մասին:

Բացի այդ, Պուտինը Հմեյմիմում հանդիպում ունեցավ նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Ինչպես փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանին կհաջողվի Թուրքիայի և Իրանի հետ Սիրիայում հարթել խաղաղ կյանքը և քաղաքական գործընթացը: «Ես մեծ հույսեր ունեմ, որ մեզ Իրանի և Թուրքիայի հետ, որոնք աջակցում են ահաբեկչությունն արմատախիլ անելուն, կհաջողվի խաղաղ կյանք և քաղաքական գործընթաց սկսել Սիրիայում: Կարևոր է նախապատրաստել Սիրիայի ժողովուրդների կոնգրես, սկսել քաղաքական կարգավորման գործընթացը», – նշել է Պուտինն Ասադի հետ հանդիպման ժամանակ:

Եգիպտոս աշխատանքային այցի ժամանակ Պուտինը հանդիպում է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի հետ: Կողմերը քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում կայունության և անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր: Հանդիպման արդյունքում, ռուսական կողմը հայտարարել է դեպի Կահիրե թռիչքները վերականգնելու պատրաստակամության մասին, պայմանագիր է կնքվել Ռոսատոմի մասնակցությամբ Էդ-Դաբաաում ատոմակայան կառուցելու մասին: Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում արդյունքներից: Բնականաբար, անդրադարձ է եղել նաև Երուսաղեմի հարցին: Կահիրեում Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը: «Անհրաժեշտ են երկարաժակետ և արդար պայմանավորվածություններ, որոնք կհամապատասխանեն երկու կողմի շահերին: Եվ այդ պայմանավորվածություններն, իհարկե, պետք է համապատասխանեն միջազգային հանրության կողմից նախկինում ընդունված որոշումներին: Ռուսաստանն ամբողջությամբ աջակցում է այդ հարցով ՄԱԿ-ի ԱԽ կողմից նախկինում ընդունված որոշումներին: Պաղեստինցիների և իսրայելցիների միջև երկխոսության ելքը կանխորոշող ցանկացած քայլ համարում ենք անարդյունավետ: Կարծում ենք, որ նման քայլերն ապակայունացնող են», – ասել է Պուտինը:

Պուտինի մերձավորարևելյան շրջագայության վերջին կանգառն, ինչպես նշեցինք, Թուրքիան էր: Անկարայում Էրդողանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացմանն, Ակկույու ատոմակայանի շինարարությանն առնչվող հարցեր: Նշվում է, որ կողմերը վերջնական համաձայնության են եկել ռուսական С-400 համակարգերի ձեռքբերման հարցում: Կողմերն անդրադարձել են Երուսաղեմի հարցին: Բնականաբար Էրդողան-Պուտին բանակցություններում կենտրոնական է եղել սիրիական հակամարտության՝ մասնավորապես քաղաքական կարգավորմանն առնչվող հարցերի քննարկումը, որոնց շուրջ կողմերը որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել դեռ Սոչիում՝ Պուտին-Էրդողան-Ռոհանի հանդիպման ժամանակ:

Ամփոփելով նշենք, որ Պուտինի մերձավորարևելյան այս բլից շրջագայության հիմնական թեման սիրիական հակամարտության քաղաքական կարգավորումն էր, որն այժմ Մոսկվայի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրներից էր:

Մյուս հիմնական թեման Երուսաղեմի հարցի քննարկումն էր: ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո մուսուլմանական շատ երկրներ ակնկալում են Ռուսաստանի կողմից այս ուղղությամբ որոշակի քայլեր՝ ավելին, քան՝ Թրամփի որոշման ուղղակի քննադատությունը: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը Սիրիայում իր հաղթանակների շնորհիվ բավականին ամրապնդել է իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում:

Armedia.am