Սվիտալսկի. Ապագա Քաղաքացիական հասարակության հարթակը կնպաստի ՀՀ-ԵՄ համաձայնագրի արդյունավետ իրագործմանը

Դեկտեմբերի 18-ին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ելույթ է ունեցել «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» խորագիրը կրող համաժողովի ընթացքում, որը կազմակերպել էր 60 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցող «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջից:

Հանդիպման ընթացքում դեսպանը հիշեցրել է վերջերս ստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորության մասին, որը շատ հուսալի իրավական հիմք է քաղաքացիների շահերի համար բարեփոխումներ իրականացնելու համար: Դեսպանը վերահաստատել է, որ նոր համաձայնագիրը ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների, իրավունքի գերակայության ու լավ կառավարման ԵՄ-ի և Հայաստանի համատեղ հանձնառությունն է: Կառավարությունը համաձայնագրի իրագործման առանցքային գործընկերն է, միևնույն ժամանակ, Ազգային ժողովը և ապագա Քաղաքացիական հասարակության հարթակը (այն բաղկացած է լինելու ԵՄ անդամ պետությունների և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններից) կիրականացնեն վերահսկողության գործառույթը՝ նպաստելով համաձայնագրի արդյունավետ իրագործմանը: